Բաժիններ՝

Փրկությունը կախված է մեզնից ու մեր արարքներից

Այս հարցը յուրաքանչյուր քրիստոնյայի համար դառնում է մտածմունքների առարկա, երբ հերթը գալիս է փրկությանը: Իսկապես, ո՞վ կարող է փրկվել, և ի՞նչ պետք է անենք՝ փրկվելու համար: Այս հարցի պատասխանը, ինչպես և բոլոր հարցերինը, մեզ տալիս է մեր Փրկիչը. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկա մեկը, որ թողած լինի տունը, կամ ծնողներին, կամ եղբայրներին, կամ կնոջը, կամ զավակներին՝ Աստծու արքայության համար, 30 և այս ներկա ժամանակում բազմապատիկ չստանա ու հավիտենական կյանքը չժառանգի այն աշխարհում, որ գալու է» (Ղուկաս 18:29-30):

Մի բան հստակ է՝ փրկությունը կախված է մեզնից ու մեր արարքներից: Ի՞նչ ենք տալիս մեր մերձավորներին, ինչպե՞ս ենք կանգնած Աստծո առաջ և ի՞նչ ուղի ենք ընտրել մեր երկրային կյանքի համար: Հենց սրանք են, որ պայմանավորում են մեր փրկությունը:

Սա բնավ չի ենթադրում, թե անպայմանորեն զոհողություն է պահանջվում փրկության համար: Բնավ այդպես չէ: Պարզապես որպես քրիստոնյաներ պետք է քաջ գիտակցենք, որ մեր կյանքում հանուն մի մեծագույն նպատակի՝ պիտի պատրաստ լինենք զիջելու մեկ այլ բան, որ կրկին թանկ ու կարևոր է մեզ համար, սակայն ոչ այնքան, որ գերադասելի լինի մեծագույն առաքելությունից: Այդպես էլ փրկությունը ոչ թե պարտադրում, այլ ենթադրում է որոշ զոհողություններ: Այդ զոհողություններն, անշուշտ, պահանջում են մեծ կամք, սակայն կրկին հօգուտ մեզ են՝ հանուն մեծագույն առաքելության՝ փրկության:

Մեր փրկության համար կարևոր են մեր մշտական աղոթքներն ու ապաշխարությունը: Սուրբ Գրքում էլ ասված է. «Ապաշխարե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթեոս 3:2): Մեր աղոթքները թող լինեն ուղեկից մեր այս ճանապարհին, որ տանում է դեպի փրկություն: Եվ թող մեր փրկությունն արդարացվի մեր կատարած գործերով և ոչ թե հույսը դնենք Աստծո անսահման սիրո ու ներողամտության վրա` ոչ մի արարք չգործելով և իմանալով, որ փրկության մեր միակ հույսն Աստծո սերն ու ողորմածությունն է: Մեր փրկությունը՝ որպես քրիստոնյաներ, կախված է մեզանից: Չզլանանք և գործենք՝ հանուն փրկության, հանուն քրիստոնյա բարձրագույն կոչման:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս