
«ԼՂ-ում պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության միջոցների մշակման ուղղությամբ ներկայում երկխոսություն ենք վարում»․ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության միջոցների մշակման ուղղությամբ ներկայում երկխոսություն ենք վարում։
Այս մասին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդում ելույթի ժամանակ հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։
Նրա խոսքով՝ իրենց ջանքերից զատ «վստահության միջոցների մշակման հաջողությունը կախված է նաև իշխանությունների հանձնառությունից»:
Խոսելով հակամարտությունների կարգավորման և կանխարգելման գործում ստանձնած պարտավորությունների մասին՝ Մարիա Պեյչինովիչ Բուրիչն ասել է․ «Կառավարությունները գիտակցում են, որ Եվրոպայի խորհուրդը լիովին և վճռականորեն աջակցում է անդամ պետությունների անկախությանն ու տարածքային ամբողջականությանը»։