«Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է այդ «պողպատյա հեղափոխությանը» դեմ տալ շատ ավելի ամուր նյութից պատրաստված վահան»․ Սերժ Սարգսյան

«Պատիվ ունեմ» դաշինքը` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր այցելել է Վայոց ձորի մարզ։ Բնակիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշում արած հայտարարությանը, թե ավարտվել է թավշյա հեղափոխությունը և սկսվել է պողպատյա հեղափոխությունը։

«Այսօր առավոտյան մենք լսեցինք, որ թավշապետը հայտարարեց, որ ավարտվել է թավշյա հեղափոխությունը և համատեղ սկսվել է պողպատյա հեղափոխությունը։ Ես չգիտեմ, թե ինչ է նշանակում պողպատյա հեղափոխություն, բայց մենք երեք տարիների ընթացքում ականատես եղանք, այսպես ասած՝ թավշյա հեղափոխության   ողջ պերճանքին։ Մենք հասկացանք, որ թավշյա հեղափոխությունը նշանակում է՝  ժողովրդին տարբեր մասերի բաժանել, նշանակում է՝ պետության ամենագլխավոր դեմքերի կողմից ստի ու կեղծիքի տարածում, մեր անվտանգության համակարգի փլուզում, Արցախի 75 տոկոսի հանձնում, զոհել հազարավոր մարդկանց, որպեսզի թավշապետը կառչած մնա իր աթոռին։ Մենք հասկացանք, որ թավշյա հեղափոխություն նշանակում է՝ Հայաստանի տարածքի մի մասի օկուպացում և այդ օկուպացիայի դեմ անկարողություն, անկարողություն սեփական սահմանների պաշտպանության,- նշեց Սերժ Սարգսյանը և հավելեց,- Եթե կապիտուլյանտը պողպատյա հեղափոխություն ասելով՝ հասկանում է այս գործընթացների ավելի ուժգնացում, ապա մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է այդ պողպատյա հեղափոխությանը դեմ տալ շատ ավելի ամուր նյութից պատրաստված վահան, և ոչ միայն վահան, վահանի հետ երևի մի դագանակ, որով մենք պետք է քշենք բոլոր այն մարդկանց, ովքեր փորձում են իրենց պողպատյա գործիքն օգտագործել մեր դեմ»:

Երրորդ նախագահն ընդգծեց, որ ուրիշ ելք չկա, հակառակ պարագայում հայերը լրացնելու են այն ժողովուրդների շարքը, ովքեր  թվապես լինելով մի քանի անգամ ավելի, չունեն իրենց պետականությունը, և նրանք մնացել են ընդամենը պատմության դասագրքերում։

«Ես վստահ եմ, որ հայ ժողովրդի մեջ դեռևս մնացել է ազատ ապրելու ցանկությունը, ոգին, և մենք այս բոլոր պրոբլեմներին պետք է դեմ տանք մեր կամքը, ցանկությունը՝ մեզ մնացած այս տարածքում ազատ ապրելու, հայերեն խոսելու… մենք մեր պատմությունը չենք կարող մոռանալ»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս