Տգետ և տհաս վիժվածքը դիտավորյալ տապալել, մսխել է այդ բանակցային ժառանգությունը. Արմեն Աշոտյան

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրությանը:

«Ակնհայտ է, որ այն դարձավ բուռն քննարկումների առարկա: Ցավում եմ, որ ոչ բոլորը հասկացան, թե ինչի մասին էր այդ ձայնագրությունը. բայց այդ ձայնագրությունն իր նպատակին ամբողջությամբ ծառայեց, որովհետև նպատակն էր ապացուցել հետևյալ մի քանի կարևոր դրույթները,- ասաց Արմեն Աշոտյանը՝մանրամասնելով,- Առաջինը՝ այդ ձայնագրությունը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը մեզանից, Սերժ Սարգսյանից ստացել է շատ լավ բանակցային ժառանգություն, այնպիսի բանակցային ժառանգություն, ըստ որի, անգամ այդ կապիտուլյանտն է խոստովանում, որ Պուտինը և այլք իրեն ասել են՝ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Ուզում եմ հիշեցնել, որ սա էր Ղարաբաղյան բանակցությունների կարևորագույն հիմնադրույթը մեր օրոք. մենք միշտ բանակցել ենք այն մասին, թե ինչ ենք ստանալու, և մենք ստանում էինք, 2018 թվականը՝ ներառյալ, Արցախի կարգավիճակի ճանաչման գործընթաց:

Երկրորդ կարևոր հետևությունը, որ այդ ձայնագրությունից պետք է անել՝ որ տգետ և տհաս վիժվածքը դիտավորյալ տապալել է այդ բանակցային ժառանգությունը, դիտավորյալ մսխել է այդ բանակցային ժառանգությունը: Սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև դրանով է բերել պատերազմ Հայաստանի և Արցախի գլխին:  Տապալելով կոնստրուկտիվ, հայամետ բանակցային գործընթացը, զրոյացնելով դրա փաստացի հայանպաստ արդյունքները, նա բերել է պատերազմ մեր գլխին»:

Այս համատեքստում «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը հիշեցրեց, որ սա լոկ քարոզարշավ չէ, քանի որ մինչև քարոզարշավ մեր նորագույն պատմության մեջ կա «5000 եռաբլրյան խորշ, 10 000 քմ կորսված հայրենիք, կան 200-ից ավելի ռազագերիներ, 3000-ի մոտ անհետ կորած անձինք (ըստ ռուսական ծառայության)». «Սա քարոզարշավ չէ, սա վշտարշավ է, որովհետև այս իրավիճակում խոսել, ճամարտակել, սեթևեթել, մարդկանց դնել չորքոտանի երկարականջավորների տեղ,  անբարոյականություն է, և դրանով է զբաղված գործող իշխանությունը»:

Ըստ Արմեն Աշոտյանի՝ այս ձայնագրությունն ապացուցել է նաև, որ Նիկոլ  Փաշինյանը չի դադարել լինել ՀՀ ռազմավարական դաշնակից ՌԴ-ի դեմ աշխատող գործիչ. Նա հիշեցրեց ձայնագրության այն հատվածը, որտեղ Փաշինյանը պնդում է, թե իրեն տանում էին մի ճանապարհով, որի վերջը նորից Ապրիլյան պատերազմն էր. «Հիմա հարցս՝ ձեզ թվում է՝ ՌԴ-ն այդ ձայնագրության մասին և Փաշինյանի իրական վերաբերմունքի մասին  իմացել է Սերժ Սարգսյանի հրապարակումի՞ց, կարծում եմ՝ ոչ ոք միամիտ չէ հասկանալու համար, որ եթե մենք ստացել ենք այդ ձայնագրությունը, ապա Նիկոլ Փաշինյանի մասին նմանատիպ տոննաներով կոմպրոմատ հակառուսական գործունեության մասին  Մոսկվան ստանում ու ստանում է առ այսօր»:

Հաջորդ կարևոր արձանագրումն այդ ձայնագրությունից, Արմեն Աշոտյանի դիտարկմամբ, այն է, որ մեզ աշխահին ներկայացրել է մարդ, որն իրեն դրել է գժի տեղ. «Հիմա հարցս՝ արդյո՞ք աշխարհը մեզ լուրջ է վերաբերվել այս 3 տարիների ընթացքում, երբ տեսել է, որ հայ ժողովուրդը միամտաբար իրեն առաջնորդ է կարգել մի մարդու,  ով գիժ է ձևանում և գիժ է ներկայացնում Հայաստանն աշխարհին. Սա նույնպես Արցախյան վերջին արյունալի պատերազմի պատճառներից մեկն է:

Դրա համար մեզ աշխարհը չօգնեց,  Ռուսաստանը չօգնեց, որովհետև մենք գործ ունեինք մի մարդու հետ, ով տապալելով Հայաստանի բանակցային դիրքերը, խաչ քաշելով Արցախի կարգավիճակի հարցի վրա, խաբելով աշխարհի առաջնորդներին, անլուրջ ներկայացնելով մեզ՝ բերեց այս պատերազմը մեր գլխին»:

«Սա շատ կարևոր ձայնագրություն էր.  ես հասկանում եմ, որ քաղաքական, տեղեկատվական նշաձողը երբեմն շատ է իջնում, և մարդկանց ակնկալիքներն այլ կարող էին լինել:  Ես չեմ զարմանnում, որ նիկոլականները հրճվանքից, որ 18 + տեսանյութ չէ՝ ինչպես ակնկալում էր հասարակությունը, այդ ձայնագրությունը փորձում են հօգուտ իրենց որակել. դա հերթական անբարոյականությունն է իրենց կողմից»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:

Տեսանյութեր

Լրահոս