Արցախում որդուն կորցրած մայրը որդեկորույս մայրերին խորհուրդ է տալիս երեխաներ ունենալ
Ավագ տղային 44-օրյա պատերազմում կորցրած Լուսինե Արսենյանը որդի է ունեցել: Փոքրիկը ծնվել է հունիսի 8-ին՝ Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում: Որդուն կորցնելու ապրումները չէին կարող չանդրադառնալ 42-ամյա կնոջ հղիության ընթացքի վրա։ Փոքրիկը ժամանակից շուտ է ծնվել, լույս աշխարհ է եկել 1 կգ 900 գրամ քաշով: Հիմա նորածին տղայի վիճակը բավարար է, սակայն մայրն ու որդին հիվանդանոցում կմնան ևս մեկ շաբաթ:- «Արմենպրես»-ին ասաց մանկաբարձ-գինեկոլոգ Ալլա Հովհաննիսյանը:
Լուսինեի ավագ որդին՝ Դավիթ Չաքրյանը բանակ էր զորակոչվել 2020-ի օգոստոսին: Մոր խոսքով` միշտ երազել էր Արցախում ծառայել: Ընդամենը մեկուկես ամսվա զինծառայողը Մարտակերտում մասնակցել է թեժ մարտերին։ Դավիթը զոհվել է հոկտեմբերին: Մայրն իր հղի լինելու մասին իմացել է որդու զոհվելուց մի քանի օր անց: Փոքրիկի անունը Դանիել են դրել:
Կայքի հետ զրույցում Լուսինե Արսենյանն ասաց, որ ճիշտ է, Դանիելը լույս աշխարհ է եկել որպես նոր հույս, բայց ոչ իր եղբոր փոխարեն: «Երբ պետք է երկրորդ երեխաս ծնվեր, մտածում էինք, որ տղա լինի, Դանիել կկոչենք, բայց ծնվեց աղջիկս, դրա համար էլ հիմա որոշեցինք այս փոքրիկիս Դանիել կոչել: Սուտ է, Դավիթս չի մոռացվի՝ ժամանակը չի բուժի վերքը, բայց Դանիելս նոր շունչ ու ապրելու նոր ուժ կտա մեզ»,- պատմում է Լուսինեն՝ որդեկորույս մայրերին խորհուրդ տալով երեխաներ ունենալ: