Անգլիայի Քոռնուոլի կոմսությունում մեկնարկում է G7-ի գագաթնաժողովը
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի եւ Ճապոնիայի ղեկավարները հունիսի 11-ին G7-ի ձեւաչափով բանակցությունների կհավաքվեն Անգլիայի հարավ-արեւմուտյան Քոռնուոլի կոմսության Քարբաս-Բեյ առողջարանում։
«Յոթի խմբի» պետությունների ղեկավորների գագաթնաժողովը կտեւի մինչեւ հունիսի 13-ը: Որպես հյուր-երկիր հրավիրվել են Ավստրալիան, Հնդկաստանը, Հարավային Կորեան եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը:
Սա լինելու է G7-ի ղեկավարների առաջին անմիջակա հանդիպումը COVID-19-ի համավարակի սկսվելուց ի վեր: Գագաթնաժողովի արդյունքներն ամփոփելուց հետո սպասվում է համատեղ կոմյունիկե: Բացի այդ, գագաթնաժողովը կդառնա բարձր մակարդակով առաջին խոշոր միջազգային անմիջակա հանդիպումը, որին որպես ԱՄՆ-ի նախագահ կմասնակցի Ջո Բայդենը:
Գագաթնաժողովի հրապարակված օրակարգի համաձայն, հունիսի 11-ին առաջնորդները կքննարկեն տնտեսության վերականգնումը համավարակից հետո, հունիսի 12-ին՝ աշխարհաքաղաքական մարտահրավերները, առեւտուրը եւ զարգացումը: Հունիսի 13-ին ղեկավարները, ինչպես ենթադրվում է, կքննարկեն Ռուսաստանի եւ Չինաստանի հետ կապված հարցեր:
Հանդիպումը կազմակերպում է բրիտանական կողմը, քանի որ նա այս տարի նախագահում է «յոթի խմբում»: Նախորդ գագաթնաժողովը տեղի է ունեցել 2019 թվականին Ֆրանսիայի Բիարիցում:
Ինչպես սպասվում է, հանդիպումների մեծ մասը տեղի կունենա փակ դռների հետեւում, բայց կլինեն նաեւ մամուլի համար բաց միջոցառումներ, մասնավորապես, ղեկավարների համատեղ լուսանկարում:
Կոմսությունում անցկացվող գագաթնաժողովի պատճառով ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: Փակվել են բազմաթիվ ճանապարհներ, մերձակայքում գտնվող բնակավայրերի բնակիչները երթեւեկության համար պետք է փաստաթուղթ ներկայացնեն, որը հաստատում է նրանց բնակության հասցեն:
Մինչդեռ բրիտանացիները մտադիր են անցկացվող գագաթնաժողովի ֆոնին կազմակերպել բողոքներ, այդ թվում՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործում համաշխարհային ղեկավարների գործողություններից դժգոհության պատճառով: Նմանօրինակ ակցիաները հազվեդեպ չէ, որ կազմակերպում են պետությունների ղեկավարների հանդիպումների ժամանակ, սակայն այս տարի համավարակի նկատառումներով սահմանափակումների պատճառով դրանց կազմակերպումն ավելի դժվար կլինի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: