«Հենց գերիների թեման բարձրանում է, թեման ռուսների գրպանն են գցում, ոնց որ մենք կապ չունենք դրա հետ». Ռոբերտ Քոչարյան
«Խայտառակություն է, որ մինչև այսօր մեր հանրությունը չգիտի ընդհանրապես, թե քանի գերի ունենք, չգիտենք՝ քանի անհետ կորած ունենք: Անհետ կորածների ծնողները շատ ավելի ծանր վիճակում են, որովհետև որևէ տեղեկություն չունենք, և մարդկանց հետ նույնիսկ հարցը քննարկելն է դժվար»,- քարոզարշավի 4-րդ օրը Թալինում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով գերիներին վերադարձնելու հնարավորության մասին հարցին:
Քոչարյանի գնահատմամբ՝ այս հարցում ամենավատն այն է, որ պետությունը որևէ քայլ չի անում, որպեսզի անհետ կորածների, գերիների ընտանիքների ծանր վիճակը ինչ-որ կերպ թեթևացնի:
«Ճնշումը պետք է մեծացնել Ադրբեջանի վրա՝ միջազգային կառույցների կողմից: Ես չեմ լսել, որ որևէ մի պետություն խիստ է արտահայտվել: Միայն եվրոպական մի կառույց, այն էլ՝ մի քանի պատգամավորի շնորհիվ…
Մենք գիտենք մի բան, որ գերիներին պահում են մեզանից լրացուցիչ ինչ-որ զիջումներ ստանալու համար: Հիմա մենք պետք է ճնշումը Ադրբեջանի վրա մաքսիմալ մեծացնենք, որ վերջը իրենք հասկանան, որ գերիներ պահելը անիմաստ է իրենց համար, իրենք կորուստ ունեն իրենց երկրի վարկանիշի մեջ: Բայց ըստ էության ոչ մի բան չի արվում այդ ուղղությամբ, ոչինչ: Հենց գերիների թեման բարձրանում է, թեման ռուսների գրպանն են գցում: Եվ գերիների հարցով զբաղվողը դարձել է գեներալ Մուրադովը, ոնց որ մենք կապ չունենք դրա հետ, ոնց որ գեներալ Մուրադովը մեղավոր է, որ գերի են ընկել, և գեներալ Մուրադովն էլ պարտավոր է գնալ, այդ գերիներին բերի: Սա է իրենց վերաբերմունքը»,- քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում