Ալբանիայի խորհրդարանն իմփիչմենտ է հայտարարել երկրի նախագահին
Ալբանիայի խորհրդարանը հունիսի 9-ին երկրի նախագահ Իլիր Մետային իմփիչմենտէ հայտարարել Սահմանադրությունը խախտելու համար եւ նրան հեռացրել զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը։
Իմփիչմենտի օգտին քվեարկել է խորհրդարանի 104 անդամ, դեմ՝ միայն յոթը: Եվս երեքը ձեռնպահ են մնացել: Այժմ երեք ամսվա ընթացքում պաշտոնից նրա հեռացման մասին որոշմանը պետք է հավանություն տա Ալբանիայի Սահմանադրական դատարանը: Քվեարկությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ խորհրդարանական հետաքննությունը հայտնաբերել է, որ Մետան խախտել է Սահմանադրությունը այս տարվա ապրիլին խորհրդարանական ընտրարշավի ժամանակ կառավարող Սոցիալիստական կուսակցության նկատմամբ ցուցաբերած «կանխակալ մոտեցմամբ»:
Ապրիլի վերջին սոցիալիստներից մի խումբ խորհրդարանականներ հետաքննություն են պահանջել երկրի նախագահի նկատմամբ, որը շատ տարիներ առաջ լքել է այդ կուսակցությունը՝ Մետային մեղադրելով երկրում անկայունություն եւ բռնություն հրահրելու, ինչպես նաեւ ընդդիմության հետ մերձենալու մեջ: Մետան ինքը քննադատել է հետաքննությունը եւ իմփիչմենտի գործընթացը՝ դրանք համարելով անօրինական: Ալբանիայում նախագահը կատարում է, գլխավորապես, արարողակարգային գործառույթներ, բայց օժտված է դատական իշխանությունում եւ ռազմական ոլորտում առանձին լիազորություններով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: