Ո՞վ է դիմավորել ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ռիքերին Երևանում

Նախօրեին տարածաշրջանային այցի շրջանակում ՀՀ ժամանեց ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը:

ԱՄՆ Պետդեպի պաշտոնյայի այցը տարածաշրջան սկսվել էր հունիսի 6-ին Թբիլիսիից, որին հաջորդել էր այցը Բաքու, որտեղ, ըստ դեսպանատան հաղորդագրությունների, հանգամանորեն անդրադարձել էր տարածաշրջանային հիմնախնդիրներին՝ Ղարաբաղյան հակամարտությանը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված աննախադեպ իրավիճակին՝ ԱՄՆ տեխնիկական աջակցությունն առաջարկելով կողմերին սահմանազատման հարցում: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը Երևանում կհանդիպի կառավարության, քաղաքացիական հասարակության ու գործարար դաշտի առաջնորդների հետ՝ քննարկելու երկկողմ առաջնահերթությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերը։

Տեղեկացնենք, որ օդանավակայանում ամերիկացի պաշտոնյային դիմավորել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության ղեկավար Արմեն Եգանյանը:

Ռիքերի այցը ՀՀ տեղի է ունենում աննախադեպ իրավիճակում, երբ ՀՀ-ն չունի ԱԳ նախարար և փոխնախարարներ, ողջ ծավալով չի աշխատում նաև ԱԳՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը, քանի որ Աննա Նաղդալյանը ևս հեռացել է մամուլի խոսնակի պաշտոնից, և ընդհանրապես ԱԳՆ պաշտոնական կայքում որևէ տեղեկատվություն ԱԳՆ գործունեության մասին չի տեղադրվում, այսինքն՝ ԱԳՆ գործունեությունն ըստ էության այս պահին չկա:

168.am-ի տեղեկություններով, Ռիքերի հանդիպումները հիմնականում սպասվում են այսօր՝ մոտավորապես 2-3 հանդիպում, որոնք նման այցի շրջանակում շատ չեն:

Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հրաժարականից հետո ՀՀ ԱԳ բոլոր փոխնախարարները հրաժարականների դիմումներ էին ներկայացրել և ազատվել զբաղեցրած պաշտոններից: Խոսքն Արտակ Ապիտոնյանի, Ավետ Ադոնցի, իսկ ավելի վաղ՝ Գագիկ Ղալաչյանի մասին է: Փոխնախարար Արմեն Ղևոնդյանը կարծես շարունակում է պաշտոնավարել:

Տեսանյութեր

Լրահոս