Անթույլատրելի է ուսուցչին որպես շահախնդիր ու կոռումպացված կերպար ներկայացնելու երևույթը․ ԿԳՄՍՆ
Օրերս «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվել է «Women’s Club 79» հաղորդաշարի «Վերջին դաս» վերտառությամբ սկետչը, որի բովանդակությունը, մեղմ ասած, վրդովմունք է հարուցել մանկավարժների շրջանում, և ՀՀ ԿԳՄՍՆ-ն բազմաթիվ բողոքներ է ստանում ուսուցիչներից ու կրթության ոլորտի մասնագետներից:
ԿԳՄՍ նախարարությունը՝ գտնելով, որ այդ սկետչը դուրս է հումորային ձևաչափից, դատապարտում ու անթույլատրելի է համարում ուսուցչին որպես շահախնդիր ու կոռումպացված կերպար ներկայացնելու, հանրության շրջանում նրա ընդհանրական վարկն արատավորելու երևույթները: Հաղորդաշարի հեղինակները հաշվի չեն առել այն փաստը, որ հարյուր հազարավոր երեխաներ այդ հաղորդումը դիտելուց հետո իրենց ուսուցիչներին ենթագիտակցորեն նույնականացնելու են սկետչի «հերոսուհու» լկտի ու ամբարտավան կերպարի, իսկ իրենց՝ «հերոս աշակերտների» կերպարների հետ: Դրա հետևանքների վերլուծությունը թողնում ենք մասնագետներին:
Ծնողներին, բարձր դասարանների աշակերտներին ու շահագրգիռ բոլոր քաղաքացիներին ու կազմակերպություններին կոչ անելով պայքարել դպրոցներում նմանօրինակ արատավոր երևույթների դեմ՝ ԿԳՄՍՆ-ն միաժամանակ ինչպես տվյալ հաղորդաշարի խմբագրակազմին, այնպես էլ մյուս հեռուստաընկերությունների պատասխանատուներին հորդորում է հետայսու զերծ մնալ դպրոցը, ուսուցչին և աշակերտին այդօրինակ վարկաբեկիչ ու գռեհիկ կողմերով ներկայացնելու գործելաոճից, ինչը միանշանակ խաթարում է մատաղ սերնդի կրթության ապահովման գործընթացը, խեղաթյուրում է երեխաների հոգեբանությունը՝ բարձրակարգ արժեքների փոխարեն սերմանելով արատավորն ու եղկելին:
Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ ԿԳՄՍՆ-ն այս շրջանում բազմաբովանդակ բարեփոխումների փուլում է, որոնք առնչվում են ինչպես կրթության որակի բարելավմանը, այնպես էլ ուսուցչի դերի և հեղինակության բարձրացմանը: Այս ճանապարհին պետությունն ունի թե՛ հասարակության, թե՛ ԶԼՄ-ների աջակցության կարիքը, և անգամ ճիշտ ու նպատակային պատրաստված հումորային հաղորդումները՝ զերծ գռեհկաբանությունից և արատավոր բարքեր սերմանելուց, օգտակար կլինեն այդ գործընթացում: