«Հիմա ենթադրենք՝ մենք սուբյեկտիվ ենք, բայց էս երկրում մենակ մենք չենք, չէ՞… Թող ինչ-որ մեկ ուրիշը բացահայտի: Հո մենք մոնոպոլիա չունե՞նք դիտորդություն անելու». Դանիել Իոաննիսյան
Մայիսի 7-ին Արմավիրի մարզում քարոզարշավ էր իրականացնում Նիկոլ Փաշինյանը:
168.am-ը գրել էր, որ մարզի դպրոցների, համայնքային բոլոր հիմնարկների աշխատակիցներն իրենց բնակության վայրերի մոտիկ գյուղերի հավաքատեղիներում պետք է լինեն այն ժամերին, երբ Նիկոլ Փաշինյանը կգտնվի տվյալ համայնքում:
Դպրոցների տնօրեններին վերադասի հրահանգը, մեզ հետ կապ հաստատած դպրոցների աշխատակիցների խոսքով, փոխանցել էր Արմավիրի մարզպետարանի Կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, ով նույնպես այդ ժամին աշխատանքի էր ու հենց դրա համար է հարկատուների հաշվին աշխատավարձ ստանում կրթության ոլորտում պետական քաղաքականության իրականացման համար:
Վերջինս շրջել է գյուղերով, մասնակցել Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին կրկին աշխատանքային ժամին ու հընթացս մարդահաշվարկ ու ներկա-բացակա կատարել՝ հավանաբար հետագայում արդեն իսկ հնչեցրած սպառնալիքն իրագործելու համար:
Այս լուսանկարում, որն արված է հենց Նիկոլ Փաշինյանի՝ Արմավիրի մարզում քարոզարշավ իրականացնելու օրը, ձախից աջ պատկերված են Արմավիրի մարզպետարանի Կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, կողքին՝ մարզի Դաշտ գյուղի տնօրեն, ԲՀԿ-ական Սիրանուշ Սահակյանն է, իսկ երրորդը Սոնյա Բուդաղյանի ընկերուհին է՝ 2019թ. սկանդալով Էջմիածնի թիվ 3 դպրոցի տնօրեն դարձած Գրետա Անդրեասյանը:
168.am-ը ժամանակին անդրադարձել է այդ պատմությանը:
Ինչևէ, ևս մեկ անգամ փաստենք, որ ողջ վարչական ռեսուրսը ծառայեցվում է Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի մարդաշատության իմիտացիան ապահովելու համար, սակայն քաղհասարակությունը, իրավապաշտպանները, ովքեր ՀՀԿ-ական իշխանությունների օրոք հեռախոսազանգեր էին կատարում դպրոցների տնօրեններին ու ամենուր թմբկահարում վարչական ռեսուրսն ընտրական նպատակներով գործածելու մասին, այսօր լուռ են:
168.am-ի հետ զրույցում, այդ առնչությամբ մեր հարցին ի պատասխան՝ «Անկախ դիտորդ» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը հիշեց միայն «Հայաստան» դաշինքի կողմից կատարված ենթադրյալ քրեական հանցակազմի մասին, նշեց, որ խոսքը ՏԻՄ մակարդակի վարչական ռեսուրսի չարաշահման մասին է:
Մեր հարցին՝ իսկ իշխող ուժի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին ահազանգ չե՞ն ստացել, վերջինս պատասխանեց՝ Քրեական օրենսգրքով արգելված դրսևորումներ չեն տեսել, բայց առհասարակ խնդիրներ տեսել են:
«Օրինակ, խնդիր էր Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակելը, որ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ ենթադրաբար Սեդրակ Քոչարյանի բանկային հաշվին 208 միլիոն դոլարի շրջանառություն է եղել: Ըստ էության Նիկոլ Փաշինյանն իր ծառայողական դիրքով պայմանավորված՝ գաղտնի տեղեկությունը հրապարակել է քարոզչության նպատակով: Դա վարչական ռեսուրսի չարաշահում է, բայց քարոզչություն չի պարունակում»,- ասաց «Անկախ դիտորդ» կազմակերպության ղեկավարը:
Դանիել Իոաննիսյանին հիշեցրեցինք, որ ժամանակին ինքը հրապարակում էր ՀՀԿ-ական դպրոցի տնօրենների հետ կապված քարոզչության դեպքեր, որից հետո աղմուկ էր բարձրանում, մինչդեռ այսօր իրենք լուռ են, երբ ողջ մարզային կրթական ու համայնքային ռեսուրսը ծառայեցվում է Նիկոլ Փաշինյանի հանրահավաքների մարդաշատության իմիտացիան ապահովելու համար:
«Եկեք հստակեցնենք մի տարբերություն: Մենք 2017թ. հրապարակել էինք ապացույցներ, որ դպրոցների տնօրեններն իրենց աշխատողներին պարտադրում են քվեարկել ՀՀԿ օգտին և դա անում էին կենտրոնացված՝ իրենք էլ իրենց հերթին հրահանգները ստանալով քաղաքապետարաններից, մարզպետարաններից և այլն: Պարտադրանքի ապացույցներ մենք ունենք, և որքան էլ դա զարմանալի ու միգուցե ոչ օրդինար լինի, դա վերաբերում է «Հայաստան» դաշինքին, այլ ոչ ՔՊ-ին»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:
Նկատեցինք, որ մեր հարցն այլ բանի մասին է, և թեպետ ինքը փորձում է այն շրջանցել, կրկնում ենք, որ մեր դիտարկումն այն մասին է, որ Արմավիրի մարզի կրթության վարչության պետն աշխատանքի ժամին զբաղված է քարոզչական հանրահավաքի մասնակցելով ու դրա համար դպրոցների տնօրեններին հավաքագրելով, ինչին ի պատասխան՝ Դանիել Իոաննիսյանն ասաց՝ իր մոտեցումը հետևյալն է՝ աշխատանքի ժամին բոլոր հանրային ծառայողները պետք է լինեն աշխատանքի վայրում և պետք է զբաղվեն իրենց ծառայողական պարտականությունների կատարմամբ, որի համար բոլորիս վճարած հարկերից վարձատրվում են, եթե, իհարկե, արձակուրդում չեն:
Հարցին, թե կարո՞ղ ենք արդյոք մտածել, որ ինքը չի բարձրաձայնում այս խնդիրների մասին, թեպետ լսում է, այլ միայն կենտրոնացած է կոնկրետ ուժի ենթադրյալ խախտումների վրա, Դանիել Իոաննիսյանը վրդովվեց՝ էդ որի՞ մասին չենք հրապարակում:
Կրկին հիշեցրինք, որ տևական ժամանակ է՝ իր հետ զրույցում փաստեր ենք հրապարակում:
«Կներեք, Դուք մեր զեկույցը տեսել եք և ասում եք, որ չե՞նք բարձրաձայնում»,- ասաց Դանիել Իոաննիսյանը: Ի պատասխան՝ նկատեցինք, որ զեկույցը դեռ չի հրապարակվել, սակայն ինքն արդեն խոսում է «Հայաստան» դաշինքի կատարած ենթադրյալ իրավախախտումներից:
Այստեղ Դանիել Իոաննիսյանը կրկնեց, որ խոսում են այն դեպքերի մասին ու անհապաղ դիմում իրավապահներին, որոնք քրեական հանցակազմ են պարունակում, ու սա իրենց մեթոդաբանությունն է, իսկ մնացած բոլոր դեպքերի հետ կապված իրենց դիտարկումները կարող ենք կարդալ մոտ օրերս հրապարակվելիք զեկույցում:
«Այ, եթե զեկույցի մեջ չկարդաք դրանց մասին, կարող եք մեզ ամոթանք տալ»,- ասաց «Անկախ դիտորդ» կազմակերպության ղեկավարը:
Վերջինիս խոսքով՝ վարչական ռեսուրսի չարաշահումը ենթադրում է վարչական լծակների օգտագործում, իսկ վարչական լծակի օգտագործումն ու հանրային ծառայողի կողմից աշխատանքի ժամին աշխատանքի փոխարեն հանրահավաքի գնալը որակապես տարբեր արարքներ են, որոնցից առաջինը ենթադրում է մինչև 6 տարի ազատազրկում ենթադրող արարք, իսկ մյուսը՝ ընդամենն աշխատանքային պարտականությունների չկատարում:
Դանիել Իոաննիսյանն ասաց նաև, որ ապացույցներ ու փաստեր չունի, որ դպրոցի տնօրեններին պարտադրել են գնալ հանրահավաքի, նրանք էլ իրենց հերթին՝ ուսուցիչներին են փոխանցել այդ պարտադրանքը:
Հարցրինք՝ այսինքն՝ կարծում է, որ ուսուցիչները, ինչի փաստերը բազմաթիվ են ու տեսաձայնագրված ու լուսանկարներով հաստատված նաև, ինքնաբուխ են կազմակերպված ձևով մասնակցել Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին՝ Արմավիրից մինչև Ալագյազ և այլուր:
«Ցանկացած գործատուի կողմից, առավել ևս, եթե դա հանրային հիմնարկ է, աշխատողին պարտադրելը, որ մասնակցի կամ չմասնակցի հանրահավաքի, կամ ինչ-որ մեկին ընտրի կամ չընտրի, հանցագործություն է, և նման մարդիկ պետք է հայտնվեն ճաղերի հետևում՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի համար են դա անում: Նախորդ իշխանությունների օրոք մենք շատ էինք տեսնում, որ կրթական համակարգը գնում էր: Մենք դրա վերաբերյալ ահազանգեցինք, հավաքեցինք ապացույցներ, և դրանք ցույց տվեցին, որ դա հրահանգված է: Հիմա այս դեպքում մենք ունե՞նք ապացույցներ, որ դա հրահանգված է: Եթե հրահանգված է, ապա այդ հրահանգողները պետք է դատվեն»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:
Ավարտին Դանիել Իոաննիսյանը հավելեց՝ ես հասկանում եմ, դուք կասկածի տակ եք դնում մեր օբյեկտիվությունը:
«Հիմա ենթադրենք՝ մենք սուբյեկտիվ ենք, բայց էս երկրում մենակ մենք չենք, չէ՞… Թող ինչ-որ մեկ ուրիշը բացահայտի: Հո մենք մոնոպոլիա չունե՞նք դիտորդություն անելու»,- եզրափակեց նա: