ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ այս ամիս արցախցիներին 68.000 դրամը ուշ փոխանցելու պատճառի մասին
Արցախի քաղաքացիները, ովքեր հաշվառված են Արցախում, սակայն ժամանակավորապես բնակվում են Հայաստանում՝ ՀՀ Կառավարության կողմից ստանում են միանվագ 68.000 դրամ, դեռևս չեն ստացել մայիս ամսվա գումարը:
«Արդեն 10 օր է, ինչ մարդկանց ասում են՝ այսօր կստանաք, վաղը կստանաք: Մարդիկ անելանելի վիճակում են, այդ չնչին գումարով են գոյատևում»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը:
Կապ հաստատեցինք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանի հետ, վերջինը հայտնեց, որ եղել են տեխնիկական խնդիրներ, որոնք կարգավորվել են, և հունիսի 8-ից արդեն մեկնարկել են փոխանցման աշխատանքները:
«Տեղեկացնեմ, որ 4 ամիս ժամկետով 68.000 դրամ սոցիալական աջակցության ծրագրի վճարման ընթացակարգերում առաջացած տեխնիկական խնդիրները հարթվել են, և մայիս ամսվա վճարումը մեկնարկել է հունիսի 8-ից»,- նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու նպատակով Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված շուրջ 100.000 քաղաքացու Հայաստանի Հանրապետության կողմից շարունակում է աջակցություն տրամադրվել՝ ամսական 68.000 դրամի չափով։