
Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 11 երեխաներից 4-ը վերակենդանացման բաժանմունքում են, 6-ը ստացիոնար.ԱՆ

«Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» հոսպիտալացված 11 սաներից մեկը՝ ծնողների ստորագրությամբ դուրս է գրվել հիվանդանոցից:
Երեխայի առողջական վիճակը բժիշկները բավարար են գնահատել: Նա բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ մանկաբույժի հսկողության ներքո:
«Այժմ բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է 10-ը երեխա՝ 4-ը վերակենդանացման, 6-ը՝ ստացիոնար բաժանմունքում: Երեխաների վիճակը լավ է՝ դրական տեղաշարժով: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող երեխաների վիճակը միջին ծանրության է, կայուն»,- մեզ հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Երևանի մանկապարտեզներից մեկի 11 սան՝ սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն ախտանշաններով, տեղափոխվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։
Պատճառը պարզելու նպատակով մանկապարտեզում իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն։ Լաբորատոր հետազոտության նպատակով իրականացվում են նմուշառումներ։ նախնական վարկածը սննդային թունավորումն է: