Զարմանալի է, որ պետք էր սպասել 7 ամիս, մինչև Սերժ Սարգսյանը բարձրացներ հարցը. Դավիթ Հարությունյան
«Ցավով պետք է արձանագրենք, որ այս իշխանությանը գերիների խնդիրն ընդհանրապես չի մտահոգում, երբեք չի մտահոգել,- ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբի ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ մանրամասնելով,- Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ նոյեմբերյան հայտարարության մեջ բոլոր հարցերին անդրադարձ է կատարված շատ հստակ ժամանակացույցով, բայց գերիների հարցին՝ ընդհանուր տերմինաբանությամբ: Այսինքն՝ երբ խոսքը վերաբերում էր հողերը վերադարձնելուն, ապա այս իշխանությունը շատ հստակ վերցնում է պարտավորություններ և ամրագրում է ժամկետներ, երբ խոսքը վերաբերում է գերիներ վերադարձնելուն, որևէ ժամկետ դուք չեք տեսնի:
Նույն ձեռագիրը մենք տեսնում ենք հետագա ողջ գործունեության ընթացքում. հունվարյան հայտարարության մեջ որևէ խոսք չեք տեսնի գերիների մասին, սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին նախագծի մեջ որևէ խոսք չեք գտնի գերիների մասին»:
Դավիթ Հարությունյանն արձանագրեց՝ այս իշխանությունը գերիների հարցը մատնել է անտարբերության. «Իհարկե, իրենց բնորոշ ոճով, ինչպես իրենք էին նշում, որ սահմանները պաշտպանված են, և մեծ աշխատանքներ են կատարվում, ուղղակի ոչ ոք չի տեսնում, կարծում եմ, իրենք հավանաբար ասեն, որ գերիների հետ կապված մեծ աշխատանք են տանում, ուղղակի ոչ ոք չի տեսնում:
Այ այդպիսի գաղտնի աշխատանք է տարվում՝ ամենայն հավանականությամբ՝ մտովի, իսկ իրականությունը շատ պարզ է՝ գերիներին մատնել են անտերության, և շատ զարմանալի է, որ այս պարագայում պետք էր սպասել յոթ ամիս, մինչև հասարակությունից արդեն հնչեին այդ հարցերը, մինչև Սերժ Սարգսյանը հստակ բարձրացներ այն հարցը, որը վաղուց է կախված օդում, որ ինչո՞ւ է այս իշխանությունն այդ աստիճան անտարբեր գերիների ճակատագրի նկատամամբ, որ Նիկոլ Փաշինյանն արձագանքեր դրան»:
«Այն աստիճան ստահոդ լուրեր են այսօր հրապարակ նետվել իշխանական թեկնածուի կողմից, որ դրանք արձագանքելու միակ եղանակը փաստերով խոսելն է, և փաստերով, կարծում եմ, կխոսենք շատ շուտով, երբ ժամը լրանա»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտնի՝ ժամանակ տալու հայտարարությանը, նշեց Դավիթ Հարությունյանը:
Ապա անդրադառնալով հաջորդ հարցին, թե ինչ է անում «Պատիվ ունեմ» դաշինքը, որպեսզի հանրային լարվածությունն այս աստիճան չսրվի՝ դաշինքի ընտրական շտաբի ներկայացուցիչը վստահեցրեց. «Մենք անում ենք ամեն ինչ, որ չսրվի, և եթե դուք ուշադրություն դարձնեք մեր քարոզարշավին և մեր լիդերների խոսքին, ապա երբևէ չեք լսի բռնության կամ հաշվեհարդարի կոչեր, ավելին՝ ես նմանատիպ հաշվեհարդարի կոչ չեմ լսել նաև «Հայաստան» դաշինքի լիդերներից. այնպես որ, մենք ամեն ինչ անում ենք, որ դա տեղի չունենա:
Լարվածության կոչերը միակողմանի են. իշխանական ուժն է, որ այսօր սփռում է այդ ատելության մթնոլորտը: Նա շարունակում է իր քաղաքականությունը, որը վարել է երեք տարի շարունակ»: