Մենք հիմա ունենք սուպերվարչապետական համակարգ, կա վարչապետ՝ չփոխզսպված մեխանիզմներով. Գորգիսյան

«Լուսավոր Հայաստանն» այսօր քարոզարշավ էր անցկացնում Աջափնյակում վարչական տարածքում, մեկնարկը տրվեց Թումանյանի այգու մոտից: Կուսակցության պատգամավորի թեկնածու Գևորգ Գորգիսյանը ներկաներին տեղեկացրեց՝ լինելու են վարչական շրջանի բոլոր բակերում:

Լրագրողների հետ զրույցում պատգամավորի թեկնածուն խոսեց իրենց  ծրագրի առաջին կետի մասին, որը վերաբերում է ՀՀ նախագահի լիազորություններն ընդլայնելուն:

«Մենք հիմա ունենք սուպերվարչապետական համակարգ, ինչը բերել է նրան, որ կա վարչապետ՝ չփոխզսպված մեխանիզմներով, գրեթե բացարձակ իշխանությամբ: Եվ խոսքը վարչապետից լիազորությունների մի մասը վերցնելու մասին է»,- ասաց Գևորգ Գորգիսյանը:

Պատգամավորության թեկնածուն անդրադարձավ նաև քարոզարշավի ընթացքին, մասնավորապես նշելով, որ պետք է կարողանան վերջ տալ միմյանց անպատվելուն, հայհոյելուն:

«Ինչքան ուզում եք հետ գնացեք, թեկուզև հազարամյակներով, երբ մենք պառակտվել ենք, մեր երկիրն ու ժողովուրդն իրար դեմ են պայքարել, մենք ունեցել ենք սահմանների խախտում, տարածքների, պետականության կորուստ»,- նկատեց պատգամավորի թեկնածուն:

Ապա կուսակցության անդամները սկսեցին շրջել բակերում: Գորգիսյանն ընդգծեց՝ իրենց նպատակն է՝ ձևավորել հանրային համերաշխություն, որի շնորհիվ կկարողանան կյանքի կոչել բոլոր ծրագրերը, որոնք միտված են  հաղթահարելու այն ծանր մարտահրավերները, որոնք այսօր ծառացած են երկրի առջև:

««Լուսավոր Հայաստանը» պնդում է՝ մենք կարող ենք հասնել հանրային համերաշխության, որովհետև այլ տարբերակ ուղղակի չկա: Քանի դեռ մենք իրար միս ենք ուտում,  իրար դեմ ենք պայքարում, թշնամին օր օրի, մետր առ մետր առաջ է գալիս: Եվ բոլոր մարտահրավերները հաղթահարելու միակ տարբերակը համախմբվելն է:  Սիրելի՛ քաղաքացիներ, ձեզ կգան և կասեն, որ չկա այլընտրանք, դուք պետք է ընտրեք վատի ու վատագույնի, սևի ու սպիտակի, ներկայի ու անցյալի միջև, «Լուսավոր Հայաստանն ասում է, որ դա սուտ է, կա այլընտրանք, և դուք կարող եք ընտրել հանուն ապագայի, հանուն ազգային համերաշխության ու համախմբման»,- ասաց Գևորգ Գորգիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս