Ակնհայտ է՝ փորձում է հրահրել լարվածության այնպիսի աստիճան, որը միգուցե կհանգեցնի նաև ներքին բախումների. Դավիթ Հարությունյան
«Այս նախընտրական քարոզչությունն այնպես, ինչպես վարում է իշխանությունը, դժվար է անվանել քաղաքակիրթ,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս համոզումը հայտնեց «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբի ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ մանրամասնելով,- Եվ դա պարզ է. այդպես էլ պետք է լիներ, որովհետև մենք գործ ունենք մի անձի հետ, որը քաղաքական դեմք չէ, նա երեք տարիների ընթացքում այդպես էլ չդարձավ քաղաքական դեմք»:
Լրագրողի հարցին, թե ինչի՞ հետևանք է Փաշինյանի կողմից քարոզարշավին հնչեցվող ագրեսիվ բառապաշարը, բռնության կոչերը՝ ձայներ գրավելո՞ւ միջոց, թե՞ պարտության կանխազգում, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Մենք, ցավոք սրտի, գործ ունենք սոցիոպատիկ երևույթների հետ և առավելևս՝ նման տիպի մարդիկ այդպես արձագանքում են իրենց գահավիժող վարկանիշին. կարծում եմ՝ որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում այն փաստը, որ վարկանիշը գահավիժում է»:
Նա նաև հավելեց, որ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ Փաշինյանն ասում է նախադասություններ, մտքեր, որոնք առաջացնում են տասնյակ նոր հարցեր, և ստիպված յուրաքանչյուր հաջորդ անգամ դրանք փորձում է կոմպենսացնել՝ բռնության կոչեր հնչեցնելով: Դ. Հարությունյանը, սակայն, համոզված է՝ ինչքան էլ հետո փորձեն ասել, թե, օրինակ, «վենդետա», «կադրային ջարդ» արտահայտություններն ընդամենը քաղաքական տերմինաբանություն են, որևէ մեկի համար դրանք համոզիչ չեն:
«Ակնհայտ է, որ փորձում է հրահրել լարվածության այնպիսի աստիճան, որը միգուցե կհանգեցնի նաև ներքին բախումների: Այսինքն՝ մեզ մի փորձության առջև կանգնեցրեց նա, դա պատերազմն էր, հիմա նա պատրաստվում է արդեն ներքին փորձության առջև մեզ կանգնեցնելու: Սա անթույլատրելի է, և, կարծում եմ, Հայաստանի հասարակությունը դա օր օրի ավելի հստակ գիտակցում է»,- եզրափակեց «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբի ներկայացուցիչը: