Նախընտրական քարոզարշավի ընթացքում գերիների վերադարձի հարցերը շահարկելն անթույլատրելի է․ դրանք միայն ավելացնում են լարվածությունը երկրում, և բարձրացվում է գերիների վերադարձի «գինը»․ ՀՀ ՄԻՊ

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցերը շահարկելն անթույլատրելի է` այն էլ խոսելով այլ մարդկանցով գերիների փոխանակումների ու փոխանակվելու պատրաստակամության մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Ակնհայտ է, որ նման բան տեղի ունենալ չի կարող, իսկ շահարկումները միայն ավելացնում են լարվածությունը երկրում և ավելի են բարդացնում գերիների վերադարձը. այդ կերպ ադրբեջանական իշխանությունների համար պարզապես բարձրացվում է գերիների վերադարձի «գինը»: Եվ, իհարկե, դա բացահայտ անհարգալից վերաբերմունքի է գերիների ու նրանց ընտանիքների անդամների, նրանց զգացմունքների նկատմամբ:

Ուստի, բոլորից պահանջում եմ ամբողջությամբ դադարեցնել գերիներին վերադարձի հարցերի շահարկումը:

Պետք է ոչ թե շահարկումներով բարդացնել գործընթացը, այլ իրական ջանքեր ներդնել Ադրբեջանում անօրինական գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձի համար»,-գրել է Արման Թաթոյանը:

Տեսանյութեր

Լրահոս