ԱՄՆ-ն հայ-ադրբեջանական սահմանի տեղաշարժերը համարում է սադրիչ քայլ և հորդորում վերադառնալ ելման դիրքեր
Միացյալ Նահանգները խիստ մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանների երկայնքով տեղի ունեցող վերջին զարգացումներով, այդ թվում և Ադրբեջանի զինված ուժերի կողմից վեց հայ զինվորների գերեվարման և ականային պայթյունի հետևանքով ադրբեջանցի երկու լրագրողի մահվան առնչությամբ: Այս մասին Բաքվում լրատվամիջոցների հետ ճեպազրույցում ասել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շատ մարդկանց կյանք է խլել, և մենք մտահոգված ենք, որ սահմանային իրավիճակը կարող է ավելի լարվել: Կոչ ենք անում կողմերին այս միջադեպերը լուծել հրատապ ու խաղաղ կերպով: Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի չդեմարկացված հատվածներում ցանկացած շարժ համարում է սադրիչ և ոչ անհրաժեշտ: Մերժում ենք սահմանի դեմարկացիայի համար ուժի կիրառումն ու կոչ ենք անում երկու կողմերին վերադառնալ նախկին դիրքեր, դադարեցնել չդեմարկացված սահմանի ռազմական ամրացումներն ու ականապատումները»,- հայտարարել է Ռիքերը:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը կոչ է անում կողմերին հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման:
«ԱՄՆ-ը շարունակելու է աշխատանքը միջազգային հումանիտար կազմակերպությունների, ինչպես նաև մեր դաշնակիցների ու գործընկերների հետ՝ հանուն տարածաշրջանային կարիքների ապահովման: Սակայն միայն հակամարտության խաղաղ կարգավորման միջոցով է հնարավոր Հարավային Կովկասի ժողովուրդների իրական բարգավաճումն ու բարօրությունը»,- ասել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը: