Դիվանագետները հաստատել են դեսպան Սալիվանի մասնակցությունը Ժնեւի բանակցություններին
Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Սալիվանը կմասնակցի նախագահներ Ջո Բայդենի եւ Վլադիմիր Պուտինի՝ Ժնեւում կայանալիք հանդիպմանը: Դա հաստատել է Մոսկվայում Միացյալ Նահանգների դեսպանությունը: «Անհամբերությամբ սպասում եմ հաջորդ շաբաթ Ժնեւում նախագահ Ջո Բայդենին միանալու հնարավորությանը:
Նախագահ Բայդենը ԱՄՆ-ի շահերի խիստ պաշտպանն է, եւ մենք հզոր թիմ կունենանք նրան աջակցելու համար, երբ Ռուսաստանի ղեկավարների հետ հանդիպենք անհետաձգելի հարցերի ողջ շրջանակի շուրջ, որոնք ազդում են ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների վրա»,-Սալիվանի խոսքը Twitter-ում մեջբերել է դիվանագիտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Ջեյսոն Ռեբհոլցը: Հունիսի 8-ին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը լրագրողներին ասել է, որ դեսպաններ Անատոլի Անտոնովը եւ Ջոն Սալիվանը կարող են մասնակցել հունիսի 16-ին կայանալիք գագաթնաժողովին, բայց այդ մասին որոշումներն այդ պահին չէին ընդունվել, քանի որ համաձայնեցված չի եղել բանակցությունների ձեւաչափը:
Ռյաբկովի խոսքով, վերջին օրերին ռուսաստանյան կողմը վերստին զբաղվել է այդ հարցով: «Հնարավոր է՝ ամերիկացիները վերջին ժամերին այս կամ այն դիրքորոշումներն են ձեւավորել, եւ այդ ժամանակ մենք դրանք կլրամշակենք առավելագույնս օպերատիվորեն, եւ ինչ-որ հստակություն կլինի»,-ասել է նա: Հունիսի 3-ին նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե չի բացառում, որ Ժնեւի գագաթնաժողովից հետո դեսպանները կվերադառնան իրենց դիվանագիտական ներկայացուցչություններ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: