Ինչու է Աստված մեզ պատժում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է․ «Բոլորս շատ լավ պատկերացնում էինք, որ նախընտրական փուլում քարոզարշավի ու հանրահավաքների «հոտից» խենթացած Նիկոլ Փաշինյանն իր տարերքի մեջ է ընկնելու, սկսելու է գոռալ-ծեփել-հայհոյել եւ ամբոխին հասու լեքսիկոնով ու ժեստիկուլյացիայով ներազդել նրա զգայարանների վրա։ Խոսքով լրացնել գործի բացակայությունը եւ թիրախներին խփելով՝ կոծկել իր սխալներն ու անկարողությունը։
Հասկանում էինք, որ սպառնալիքների, հայհոյանքի, գռեհկաբանության հարցերում ոչ ոք չի կարող մրցել նրա հետ, եւ մեր հասարակության մեջ քիչ չեն այն գռեհիկներն ու անկիրթները, վրեժով լցված ու չկայացած մարդիկ, որոնք էյֆորիայի մեջ կընկնեն նրա խոսքից եւ դեպի օձի երախը կամովին գնացող նապաստակների նման՝ նրան կընտրեն։
Բայց նաեւ փոքրիկ հույս ունեինք, որ այս 3 տարին, պատերազմը, մեր կորուստները, հանրության գրագետ հատվածի քննադատություններն ինչ-որ դեր խաղացած կլինեին։ Վարչապետի պաշտոնում նա ինչ-որ բան սովորած կլիներ։ Գիտակցած կլիներ, որ հասարակությանը պառակտելով, չարություն ու մաղձ թափելով, ատելություն ու ագրեսիա տարածելով ենք եկել-հասել 2021-ի այս տխուր հանգրվանին։ Եվ երբ հարցնում է՝ կարո՞ղ է Աստված երես է թեքել մեզնից, մի պահ կանգ կառնի ու կհարցնի՝ իսկ ինչո՞ւ է Աստված երես թեքել մեզնից։
Գուցե այն պատճառով, որ նման ղեկավար ընտրող ազգն իրավունք չունի՞ լավ ապրելու։ Գուցե այն պատճառով, որ թշնամանքը թշվառություն է ծնում, ագրեսիան՝ զոհեր, հայհոյանքը՝ չարություն, իսկ պառակտված հասարակությունը չի՞ կարող զարգանալ, ուժեղ լինել, կառուցել ու արարել։ Գուցե այն պատճառով է Աստված պատժում, որ մենք մեր ունեցածը չե՞նք գնահատում, եւ այդքան երիտասարդների մահն անգամ չբարիացրեց մեզ եւ մեր երկրի ղեկին գտնվող անձին էլ մի պուտ իմաստնություն չբերեց»։