«Թող այդ հույսի շողը լինի, որ նա վերադառնա տուն, դու էլ մի ցուլ մորթես, ցուլն էլ ես կուղարկեմ». Գագիկ Ծառուկյանը՝ անհայտ կորած զինվորի ծնողին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, քարոզարշավի երկրորդ օրը հանդիպում անցկացրեց Գավառում։ Ծառուկյանը աջակիցների ուղեկցությամբ նախ եղավ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ ներկա էր պատերազմի ընթացքում անհայտ կորած զինվորներից մեկի հայրը, ով Ծառուկյանին ասաց, որ մտածում է՝ որդին գերի է։
Գագիկ Ծառուկյանը հուսադրեց զինվորի հորը՝ նշելով, որ տա Աստված, տղան գերի լինի, քանի որ այդ դեպքում նրան հայրենիք վերադարձնելու հավանականությունն ավելի մեծ է։
«Թող այդ հույսի շողը լինի, որ նա վերադառնա տուն, դու էլ մի ցուլ մորթես, ցուլն էլ ես կուղարկեմ։ Եկեղեցու մեջ ենք, թող դա մատաղ լինի։ Գերիների հարցը ամենակարևորն է, որը շուտափույթ պետք է լուծվի, մարդիկ այսօր չեն ապրում, գոյատևում են, ծնողները չեն կարողանում հանգիստ քնել»,- իր խոսքում նշեց Գագիկ Ծառուկյանը։
Ներկաներից մեկն էլ արձագանքեց, որ անհայտ կորած ու գերեվարված տղաների ծնողները «մեռած են՝ թաղած չեն»։
Ըստ Ծառուկյանի՝ ստեղծված իրավիճակում, մարդիկ դարձել են կիսամարդ։
«Չեմ ուզում ամպագոռգոռ բաներ ասել, բայց ցանկացած հարցով մենք պատրաստ ենք օգնել՝ ոչ թե խոսքով, այլ գործով»,- նշեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում