Բաժիններ՝

Դիմորդները քննություն հանձնեցին աշխարհագրություն, կենսաբանություն և ընդհանուր պատմություն առարկաներից. ճիշտ պատասխաններն արդեն հրապարակվել են

Հայաստանում հունիսի 8-ին մեկնարկեցին բուհերի ընդունելության միասնական քննությունները։ Դիմորդներն առաջինն իրենց գիտելիքները ստուգել են աշխարհագրություն, կենսաբանություն և ընդհանուր պատմություն առարկաներից։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր այցելել է Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոց` մասնակցելու Կենսաբանություն առարկայի միասնական քննության մեկնարկին: Հայտագրվածների նախնական թիվը 120 է եղել,  3-ը բացակայել են:

Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանի փոխանցմամբ՝ ձևավորված 36 քննական կենտրոնից հանրապետությունում գործում է 15-ը, որից 11-ը՝ մարզերում, և 4-ը՝ Երևանում:

«Տվյալներն ամփոփվում են, իսկ այս ընթացքում արդեն հրապարակվել են հարցատոմսերի ճիշտ պատասխանները: Ինչպես հայտնի է՝ դիմորդները պատասխանի ձևաթուղթը պատճենահանում են ու դուրս են հանում, ու երբ հրապարակվում են ճիշտ պատասխանները, նրանք համեմատում են ու արդեն հաշվարկում են իրենց միավորը ու արդեն 90 տոկոսով հասկանում են, թե ի՞նչ են ստացել: Իսկ գնահատականները հայտնի կլինեն հունիսի 13-ին»,- մեզ հետ զրույցում ասաց ԳԹԿ մամուլի քարտուղարը:

Նշենք, որ ընդհանուր  առմամբ  միասնական քննություն էր հանձնելու 1505 դիմորդ, որից 186-ը՝ աշխարհագրություն, 1288-ը՝ կենսաբանություն, և 31-ը՝ համաշխարհային պատմություն: Մարզերի 11 քննական կենտրոնում քննություն հանձնողների նախնական թիվը 1016 է եղել, որից 157-ն աշխարհագրություն է հանձնել, 832-ը՝ կենսաբանություն, և 27-ը՝ համաշխարհային պատմություն: Մայրաքաղաքում քննական կենտրոնները 4-ն են եղել, դիմորդների ընդհանուր թիվը՝ 489: Նրանցից 29-ն աշխարհագրություն է հանձնել, 456-ը՝ կենսաբանություն, և 4-ը՝ համաշխարհային պատմություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս