«Միայն մեկ հնարավորություն է թողած եղել մեզ համար՝ Ղարաբաղը փուլային եղանակով վերադարձնել Ադրբեջանի կազմ». Նիկոլ Փաշինյան
Արագածավան կատարած նախընտրական այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սահմանների անձեռնմխելիության հարցը լուծելու համար առաջին հերթին ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն մեր տարածքից:
«Ես առաջարկել եմ, որ և՛ ՀՀ-ի, և՛Ադրբեջանի զինված ուժերը հայելային եղանակով հեռանան ընդհանրապես այդ Սոթք-Խոզնավար հատվածից, և այնտեղ տեղակայվեն ռուս սահմանապահներ կամ միջազգային դիտորդներ, և մենք միջազգային հովանու ներքո իրականացնենք սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքներ: Չվախենաք էդ տերմիններից, ժողովուրդ, որովհետև 21-րդ դարում դելիմիտացված, դեմարկացված սահմանը նշանակում է՝ պարիսպ քաշել սեփական ամրոցի շուրջ: Եվ դա մի օրվա, երկու օրվա, 5 տարվա, 10 տարվա խնդիր չէ: Չհավատաք, երբ ձեզ կասեն, թե մենք ինչ-որ բան ինչ-որ մեկին ուզում ենք տալ,- նշեց նա և դիմեց հավաքվածներին,- Դուք ինքներդ դա կանեի՞ք, թե՞ չէիք անի: Եթե դուք ինքներդ՝ որպես քաղաքացի, որպես մարդ, կգնայիք էդ քայլին, ուրեմն՝ ես էլ կգնայի: Եթե դուք չէիք գնա, ուրեմն ես էլ չեմ գնա»:
Անդրադառնալով ղարաբաղյան հարցին, Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ 1996-ից մինչև 2018-ը գոյություն ունեցած բանակցային բովանդակությունը միայն մեկ հնարավորություն է թողած եղել մեզ համար, որը Ղարաբաղը փուլային եղանակով Ադրբեջանի կազմ վերադարձնելու ճանապարհ էր:
«Այո, որոշակի ծանր և վիրավոր իրավիճակում, բայց ես այսօր ավելի շատ հնարավորություններ եմ տեսնում Արցախի հարցը մեր պատկերացումներին համապատասխան լուծելու համար, քան դա գոյություն ուներ 4 տարի առաջ»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, թե չի կարող մանրամասներ հայտնել բանակցային բովանդակության մասին նույն պատճառով, ինչ պատճառով չի ասել 2018-2019 թվականներին:
«Միայն երկու բառ կարող եմ ասել. ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում արձանագրվել է Ղարաբաղի վերջնական կարգավիճակը չընդգրկելու համար բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտությունը, և մենք պատկերացնում ենք, որ այս բոլոր իրադարձություններից հետո «անջատում՝ հանուն փրկության» բանաձևի իրագործման հնարավորություններն էականորեն մեծացել են: Հարկավոր է հետևողական աշխատանք այս ուղղությամբ»,- եզրափակեց Փաշինյանը: