ԿԸՀ-ն որոշեց ուժը կորցրած ճանաչել պատգամավորի 6 թեկնածուի գրանցումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 8-ին կայացած նիստին որոշում ընդունեց հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող 6 պատգամավորի թեկնածուի գրանցումը ուժը կորցրած ճանաչել: Մեկ թեկնածուի դեպքում ինքնաբացարկի դիմումը մերժվեց:

Ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Աղունիկ Հակոբյան: ԿԸՀ-ն որոշեց նրա գրանցումը ճանաչել ուժը կորցրած: Նույն կուսակցության պատգամավորի թեկնածուներ Արտյոմ Պողոսյանը, Գագիկ Տոնականյանը ևս ներկայացրել էին ինքնաբացարկի դիմում: Նրանց պարագայում ևս ԿԸՀ-ն ընդունեց դիմումը և գրանցումը ճանաչեց ուժը կորցրած:

Ինքնաբացարկ ներկայացրած հաջորդ թեկնածուն Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Միքայել Միքայելյանն էր: Քննարկելով դիմումը՝ ԿԸՀ-ն որոշեց նրա գրանցումն ուժը կորցրած ճանաչել:

Ինքնաբացարկի հաջորդ երկու դիմումը «Միասնական Հայրենիք» կուսակցության ընտրացուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների կողմից էին: Պատգամավորի թեկնածուներ Շուշան Ավետիսյանի և Արմինե Օհանյանի գրանցումներն ուժը կորցրած ճանաչվեցին:

Տեսանյութեր

Լրահոս