Մենք մերժում ենք «պոլի փայտ լինի, մերը լինի» սկզբունքը. Դավիթ Խաժակյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավ է իրականացնում Մալաթիա-Սեբաստիա համայնքում:
ԼՀԿ անդամ, պատգամավորի թեկնածու Դավիթ Խաժակյանն ընդգծեց՝ քաղաքացիների տված քվեից է կախված լինելու, թե եղած խնդիրներն ինչպես են հանգուցալուծվելու:
«Եթե դուք պատկերացնում եք, որ մեր ներքաղաքական խնդիրները պետք է հանգուցալուծվեն բախումներով, հրահրումներով, երևույթներ, որոնք արդեն տեսել ենք մեր պետականության ընթացքում, ապա դուք գիտեք, թե որ ուժերն են նման հռետորաբանություն ծավալում և կարող եք քվեարկել իրենց: Բայց, եթե դուք կարծում եք, որ հայաստանյան քաղաքական դաշտում պետք է տիրի համերաշխություն, համազգային համաձայնության կառավարություն, որի արդյունքում ներգրավվեն բոլոր կարող ուժերը՝ անկախ նրանից, թե ինչ թիմային պատկանելություն ունեն: Մենք մերժում ենք «պոլի փայտ լինի, մերը լինի» սկզբունքը:
Այն ի սկզբանե եղել է սխալ: Բայց նաև մենք հիշում ենք, թե ինչ է տեղի ունեցել այս 30 տարիների ընթացքում, երբ մեկ ուժ ունեցել է բացարձակ իշխանություն: «Լուսավոր Հայաստանը» դիմում է Ձեզ, որպեսզի լիազորեք մեզ՝ բերելու այդ համերաշխության օրակարգը: Հունիսի 20-ին դուք հնարավորություն ունեք հաշտեցնելու անհաշտներին, և դա քվեն է «Լուսավոր Հաայստանին»,- ասաց Դավիթ Խաժակյանը: