Բաժիններ՝

Կոլումբիայում բողոքների զոհ է դարձել 58 մարդ

Կոլումբիայում մարդու իրավունքների լիազորի աշխատակազմում հաղորդել են, որ 58 մարդ է զոհվել հարկային բարեփոխման դեմ հակակառավարական բողոքների ժամանակ: Այդ մասին գրում է Associated Press-ը։

Գերատեսչության զեկույցը նաեւ մատնանշում է ավելի քան 400 դիմում ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման, ծեծ ու ջարդերի, անօրինական ձերբակալությունների եւ այլ չարաշահումների մասին: Temblores իրավապաշտպան խմբի տվյալներով՝ ոստիկանությունն անմիջականորեն մասնակից է բողոքների ժամանակ 45 մահերին: Human Rights Watch-ում նշել են, որ փաստաթղթավորել են ինը դեպք, երբ ոստիկանները գնդակահարել են հանրահավաքի մասնակիցների, եւ ցուցարարների չորս մահ՝ արտասվաբեր գազից ու այլ հատուկ միջոցներից: Ավելի վաղ Կոլումբիայի իրավապահ մարմինները քննադատել են անգործությունն այն ժամանակ, երբ զինված քաղաքացիական անձինք կրակել են ցուցարարների ուղղությամբ:

Դրանից հետո մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովը որոշել է պատվիրակություն ուղարկել տեղի ունեցածն ստուգելու համար: Այս շաբաթ կազմակերպության անդամները հանդիպում կունենան պաշտոնյաների, իրավապաշտպանների, ինչպես նաեւ տուժածների հետ: Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն առաջարկել է բարեփոխել ոստիկանությունը, այդ թվում՝ նրա աշխատակիցներին ապահովել տեսախցիկներով եւ ստեղծել մարդու իրավունքների վարչություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս