
Այսպես շարունակվելու դեպքում թերություններն ու ձախողումները միայն ավելանալու են. ՄԻՊ

ՀՀ պետական սահմանների հետ կապված խնդիրների հիմնական պատճառներից է այն, որ Կառավարությունը սահմանային բնակիչների իրավունքներն ու առհասարակ` մարդու իրավունքները չի դնում քննարկումների ու որոշումների հիմքում:
Դրա համար էլ Կառավարությունը ձախողում է իր պոզիտիվ պարտավորությունները, անթույլատրելի սխալներ է գործում իր քաղաքացիների իրավունքները և առաջնահերթ` սահմանային բնակչության բնականոն կյանքը երաշխավորելու հարցում:
Չի կարելի պետական սահմաններին վերաբերող բոլոր հարցերը քննարկել միայն քաղաքական ու ռազմական տեսանկյունից, այն էլ պայմանավորված պատերազմի հետևանքներով և ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականության պայմաններում:
Հիմքում պետք է դնել մարդու և առաջնահերթ` սահմանային բնակիչների իրավունքները, սահմանային բնակչության բնականոն կյանքի պայմանները (կյանքի, սեփականության, արժանապտիվ ու անվտանգ ապրելու, երջանկության ձգտելու (pursuit of happiness) և այլ իրավունքներ): Այս դիրքերից առավել ուժեղ ենք նաև միջազգային հարթակներում:
Այսպես շարունակվելու դեպքում թերություններն ու ձախողումները միայն ավելանալու են:
Չպետք է մոռանալ, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի միջազգային պարտադիր սկզբունքներից են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և իրավունքի գերակայությունը: