Հրանտ Բագրատյանը ներկայացրել է նոր կառավարության անելիքները, բացատրել բիզնեսմեն և օլիգարխ բառերի տարբերությունը

«Նախ կդադարենք հող տալը,  երկրորդը՝ ադրբեջանական բանակին կառաջարկվի 72 ժամում լքել ՀՀ սուվերեն տարածքը․ չի անի՝ պատասխան կլինի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո քայլերի հաջորդականությունը ներկայացրեց «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նա նկատեց, որ չեն կանգնի ոչնչի առաջ․ «Միանշանակ կոչնչացնենք գազատարը, սա հո Արմեն Սարգսյա՞նը չի․ Արմեն Սարգսյանը, Նիկոլն անմիջապես կհայտնվեն ճաղերի հետևում, նրանք դեռ ասելու բան ունեն։

Հաջորդը՝ մեր զինվորը կգնա Արցախ․ տեսեք, մենք ձեզ ասում էինք, եթե Արցախը տանք, հերթը հասնում է Հայաստանին։ Հիմա համոզվեցի՞ք, որ էդպես է։ Հիմա այս մի պուճուր Արցախը տանք, ժողովուրդ, մեր վերջն եկավ․ մեզ թողնելու են 12 հազար քմ։

Երրորդը՝ վերջապես կառավարությունը ստից՝ ՍԴ-ի, դատարանների հարցերով զբաղվելու փոխարեն՝ կնստի տնտեսությամբ կզբաղվի։ Այսօրվա էկոնոմիկայի նախարարը ասում է՝ ապրիլին անցյալ տարվա ապրիլի նկատմամբ 23 տոկոս աճ է եղել․ անցյալ տարի ապրիլին եղել է լոքդաուն, անցյալ տարի ապրիլին եղել է 21 աշխատանքային օր, այս տարի ապրիլին՝ 22։ Ո՞վ է տեսել՝ ամիս ամսի վրա ՀՆԱ համեմատեն»։

Անդրադառնալով պետության տնտեսական քաղաքականությանն առհասարակ՝ նախկին վարչապետը խոսեց նաև «գործարար» և «օլիգարխ» հասկացությունների տարբերությունների մասին․ «Այսօր օլիգարխիկ պետություն է։ Օրինակ, ինչքան մենք Գագիկ Ծառուկյանին չսիրենք նախկինների օրոք,  ինքը ամենաիսկական օլիգարխ դարձել է Նիկոլի օրոք, որովհետև կլինկերի մասին հատուկ օրենք ընդունվեց, որպեսզի մենք էժան ցեմենտ չստանանք։ Սա արդարացվում է նրանով, որ այլապես «Արարատ Ցեմենտ»-ը կկանգնի, և մենք աշխատատեղ կկորցնենք, բայց  չէ՞ որ, երբ ցեմենտը ավելի թանկ է, իսկ Ծառուկյանի ցեմենտն ավելի անորակ և թանկ է, ապա տուժում են շինարարները․ քանի հազար շինարարի տեղ ենք կորցնում, հասկանում ե՞ք, նման բաներ ե՞րբ էինք մենք արել։

Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլը» Նիկոլի օրոք չստացա՞վ սարքավորում բերելու արտոնություն։

Երբ որ խոշոր բիզնեսմենը ստանում է նաև արտոնություն օրենքի տեսքով, նա դառնում է օլիգարխ․ այ սա՛ է օլիգարխի և գործարարի տարբերությունը»։

Տեսանյութեր

Լրահոս