«Այս պահին Նիկոլ Փաշինյանը սպառնում է քաղաքացիական պատերազմով». Կարեն Վրթանեսյան

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը մտավախություն ունի, որ ՀՀ իշխանություններն իրենց նախընտրական էքստազի մեջ այնպիսի քայլեր կանեն, որ Հայաստան ներխուժած ադրբեջանական զորքն արդեն դառնա երրորդական կարևորության խնդիր:

«Ես լուրջ այդպիսի մտավախություններ ունեմ այն բանից հետո, երբ քարոզարշավի պաշտոնական բացումը Նիկոլ Փաշինյանն արեց քաղաքացիական պատերազմի մասին ակնարկով: Նույնն էլ իշխանության հետ պասերով խաղացող կուսակցություններից Էդմոն Մարուքյանն էր նախօրոք ասել, թե քաղաքացիական բախումներ… Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե պետք է փորձենք խուսափել քաղաքացիական բախումներից: Այսինքն՝ արդեն այդ օվերտոնի պատուհան կոչվածն են անում, փորձում են այն միտքը սերմանել, որ հնարավոր է՝ ինչ-որ քաղաքացիական պատերազմ: Հիշեցնեմ, որ անմիջապես պատերազմից հետո ակնհայտ քաղաքացիական պատերազմ հրահրում էր Նիկոլ Փաշինյանը՝ սպառնալով, թե ինչ-որ մարդիկ հես է կգան դիրքերից, կսկսեն հաշվեհարդարներ տեսնել, եկել է քաղաքացու վրեժի ժամանակը և այլն: Այսինքն՝ ըստ էության, իշխանության կուսակցության առաջնորդը քաղաքացիական պատերազմի դրոշ է ծածանում: Առավել ևս, հիշում ենք, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը ինչ ասում է, վերջում 180 աստիճան հակառակն է անում: Այսինքն՝ ասում է՝ փորձելու ենք խուսափել, բայց հրահրում է քաղաքացիական պատերազմ: Այս պահին Նիկոլ Փաշինյանը սպառնում է քաղաքացիական պատերազմով»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանցիներին բանակցությունները պետք էին զուտ ՀՀ տարածքում ամրանալու համար. «Ամրացան, հիմա արդեն տեխնիկան են բերել, տեխնիկայով աշխատում են: 2018թ. առաջ չկար այդպիսի բան, որ թշնամին քո վրա հարձակվում է, դու զանգես երկրի նախագահին և հարցնես՝ կրակե՞մ, թե՞ ոչ, այդ հարցերը լուծվում էին բանակի ներսում՝ Արցախում՝ ՊԲ մակարդակով, եթե Հայաստանի տարածքում էր՝ ՀՀ մակարդակով, դա առավելագույնս բանակային կորպուսի հրամանատարի մակարդակ է, բայց չկա այդպիսի բան, որ քո վրա հարձակվեն, դու չկրակես»:

Հարցին՝ իր համար հասկանալի՞ է այս դեպքում բանակի կեցվածքը, նա պատասխանեց. «Ոչ, հասկանալի չէ: Ինձ համար բանակի կեցվածքը հասկանալի չէր պատերազմի վերջին օրերից սկսած, պատերազմի հաջորդ օրվանից սկսած, երբ բանակը փրկեց Նիկոլ Փաշինյանին՝ որպես քաղաքական գործիչ, և Նիկոլ Փաշինյանը դրա շնորհիվ ժամանակ շահեց, զինեց իր խաժամուժին և շանս ստացավ Հայաստանը քանդելը շարունակել: Բանակը փրկեց Փաշինյանին՝ նա թաքնված է ԶՈւ տարածքում, այդ բունկերից էր լայվեր մտնում, որտեղ նաև կոչ էր անում քաղաքացիական պատերազմի»:

Կարեն Վրթանեսյանն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը որևէ լուրջ համակարգային խնդիր չի լուծել այս 3 տարվա ընթացքում. «Ոչ մի բան երկրում այսօր չի աշխատում, ամեն ինչ ավերված է: Նիկոլ Փաշինյանին եթե չհեռացնենք, մենք պետությունը կորցնելու ենք: Մեր պետությունը զավթելու են թուրքերը, ադրբեջանցիները, թե ով… Նրանք գալու են՝ օկուպացնեն: Ըստ էության, մեր պետությունն արդեն օկուպացված է մի ուժի կողմից, որը Բաքվի բանավոր հրահանգներն է կատարում, ամեն ինչ անում է, որ թշնամին իր բոլոր ձեռնարկներում հաջողի: Գեղարքունիքում արդեն 24 կմ ճակատով թշնամին առաջ է եկել, խորացել են մինչև 3.5 կմ՝ ՀՀ տարածք, Սյունիքում մինչև 4.5 կմ են խորացել, թե ինչ է կատարվում այլ հատվածներում, այդքան էլ պարզ չէ, բայց արդեն խոսակցություններ կան ինչ-որ տարածքներ հանձնելու մասին, և Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է այդպիսի փաստաթուղթ ստորագրել: Այսինքն՝ այս իրավիճակում մենք որևէ բան չենք կարող քննարկել, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս