Բաժիններ՝

«Իշխանությունների համար քարոզարշավն ավելի կարևոր է, քան տասնյակ բնակիչների դրսում հայտնվելը»․ Պտղունքի այրված շենքի բնակիչ

Արմավիրի մարզի Պտղունք համայնքի բնակիչները, որոնք 2020 թվականի սեպտեմբերի 24-ին բռնկված հրդեհի հետևանքով զրկվել են բնակարաններից, մինչ օրս ոչ մի աջակցություն չեն ստացել կառավարությունից։

«Դիմում էինք գրել մարզպետին, Փաշինյանին, բայց արդյունք չկա։ Ստացվում է՝ իշխանությունների համար ընտրությունները, քարոզարշավն ավելի կարևոր է, քան, որ տասնյակ բնակիչներ հայտնվել են դրսում․․․ Երկու անչափահաս երեխաներիս հետ էս խոնավ պադվալում անհնար է ապրել, ջուրը որ լցվել է՝ ամբողջ պատերը քանդվում, թափվում են։ Ոչ մի բան չունեմ ասելու այս իշխանություններին, որովհետև իշխանություն չկա, եթե իշխանություն լիներ, կարծում եմ, որ բոլորն էլ տեղյակ են, բոլորն էլ տեսել են, բայց ոչ մեկը չհետաքրքրվեց այս բնակիչներով, տեսներ՝ ով որտեղ է ապրում, ինչ պայմաններում։ Անգամ մարդ կա, եկել է այստեղ իր գարաժն է սարքում, որ գա մնա, որովհետև որտեղ որ հիմա ապրում են, այդ տան տերերը գալիս են, իրանց հանում են։ Ի՞նչ իշխանություն, իշխանությունը չի էլ հետաքրքրվել, թե ով ինչ է անում․․․»,- ասաց տուժած բնակիչներից Լիանա Այվազյանը։

Երիտասարդ կնոջ խոսքով՝ իրենք հասկացել են, որ անիմաստ է այս ընթացքում որևէ հանդիպում պահանջել իշխանության ներկայացուցիչների հետ, 8 ամիս համբերել են, մի քիչ էլ կսպասեն, մինչև ընտրություններն ավարտվեն․

«Հիմա գնանք, մոտիկանանք էլ, կասեն՝ հա, ու ոչ մի բան էլ չեն անի։ Ավելի լավ է հասկանանք՝ ընտրություններից հետո ով է լինում մեր մարզպետը, իր մոտ գնանք»։

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 24-ին հրդեհ էր բռնկվել Արմավիրի մարզի Պտղունք գյուղում, ինչի հետևանքով 10-ից ավելի բնակարան այրվել էր, և բնակիչները հայտնվել էին դրսում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս