«Քանի թշնամին մեր հողի մեջ է, որևիցե լավ տրամադրություն չկա»․ Արամ Մելքոնյան
Գեղարքունիքի սահմանային հատվածներում իրավիճակը դեռ լարված է․ Գեղամասար և Վերին Շորժա համայնքների ղեկավարներն օրերս ահազանգել էին նաև, որ մայիսի 12-ից ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցիներն ինժեներական աշխատանքներ են սկսել, ճանապարհներ են կառուցում։
Նշենք, որ այսօր հակառակորդի կողմից ինժեներական աշխատանքներ իրականացնելու մասին տեղեկություն տարածեց նաև ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ մանրամասնելով․ «Հունիսի 7-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել։ Աշխատանքներն անհապաղ դադարեցնելու և ինժեներական տեխնիկան հեռացնելու պահանջով՝ հայկական ստորաժաբանումներն իրականացրել են հակազդման գործողություններ, ինչից հետո աշխատանքները դադարեցվել են, տեխնիկան հեռացվել է սահմանի ադրբեջանական հատված»։
«Առաջին 7-8 օրն էին շատ լարված, հիմա մարդիկ իրենց բնականոն կյանքով ապրում են։ Իհարկե, շատ տհաճ իրավիճակ է․ քանի թշնամին մեր հողի մեջ է, որևիցե լավ տրամադրություն չկա»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վարդենիս համայնքում առկա տրամադրություններին՝ նշեց համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը։
Քանի որ նա պարբերաբար նաև դիրքերում է լինում․ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ մայիսի 17-ից հետո դիրքերում իրավիճակը փոփոխություն չի կրել։
Հարցին՝ արդյո՞ք այն թիմը, որի ներկայացուցիչը նաև ինքն է, ի վիճակի է հաղթահարել այդ անվտանգային մարահրավերը, Արամ Մելքոնյանը պատասխանեց․ «Մեր թիմն ի վիճակի է հաղթահարել այս դժվարությունը»։
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից ներթափանցել էին Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածք և Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածներ։
Ադրբեջանական զինված ուժերը ելման դիրքեր վերադարձնելուն ուղղված բանակցությունների մի քանի փուլերը դեռևս անարդյունք են․ հակառակորդը հեռանալու մտադրություն դեռ չունի։
Հիշեցնենք նաև՝ մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը: Մայիսի 26-ի լույս 27-ի գիշերն ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին Անվտանգության խորհրդի նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների։