«Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը պետք է լինի խաղաղ ճանապարհով,  եթե չունենք հզոր անվտանգային համակարգ՝ խաղաղ բանակցային ճանապարհով այդ հարցը պարզապես չի լուծվի». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեցին ԲՀԿ-ի նախընտրական ծրագիրը, ընդգծելով, որ կուսակցության առաջնահերթություններն են՝  արտաքին քաղաքականությունը, անվտանգությունը, տնտեսությունը, ինչպես նաև առողջապահությունը, երիտասարդությունը, բնակարանաշինությունը և այլ ոլորտներ։

Խոսելով արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտներից, «Բարգավաճ Հայաստան. խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշեց, որ այսօր Հայաստանի առաջ ծառացած առաջնային խնդիրներից է անվտանգությունը։

«Այսօր Հայաստանում անվտանգությունը  շատ վատ վիճակում է, բոլոր այն համակարգերը, որոնք այս կամ այն կերպ ապահովում էին Հայաստանի անվտանգությունը, քայքայված են։  Իհարկե, պետք է դուրս գալ այն հորինված գաղափարներից և հասկանալ մեկ պարզ իրողություն՝ առաջնայինը պետք է վերականգնենք մեր հարաբերությունները մեր դաշնակից, զինակից եղբայրական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ։ Մենք մեր ծրագրում հստակ ասում ենք, որ մեր անվտանգային հարաբերությունները ՌԴ-ի հետ պետք է մաքսիմալ ընդլայնվեն»,- շեշտեց Արման Աբովյանը։

Ըստ նրա, այս պահին ԲՀԿ-ն անհրաժեշտ է  համարում, որպեսզի ՌԴ-ի հետ կնքվի նոր ռազմաքաղաքական պայմանագիր, որն ավելի արդիական կլինի և կհամապատասխանի այն բոլոր իրավիճակներին, որոնց առջև կանգնած է Հայաստանը, ուստի պետք է դադարել խաղալ երկրի անվտանգության հետ։

«Սրա հետ մեկտեղ՝ մեր գերնպատակը եղել է և կա Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի անվտանգությունը և Արցախի միջազգային ճանաչումը։  Նորություն չեմ ասում, դա մի՛շտ եղել է մեր թե՛ ծրագրային, թե՛ մեր գործունեության առաջնահերթությունը։ Մենք դիտարկում ենք, որ Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը պետք է լինի բանակցությունների և խաղաղ ճանապարհով։ Սակայն, եթե մենք չունենք հզոր անվտանգային համակարգ, ապա խաղաղ բանակցային ճանապարհով այդ հարցը պարզապես չի լուծվի։ Սրա հետ մեկտեղ՝ պետք է հասկանալ՝ եթե դու չունես հզոր բանակ, ապա չունես ոչինչ։ Մենք նախատեսում ենք բանակի կտրուկ և որքան հնարավոր է՝ արագ արդիականացում»,- հավելեց Արման Աբովյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանը պետք է զարգացնի հարաբերությունները դաշնակցի հետ, շեշտելով սփյուռքի դերակատարությունը, որը չպետք է լինի անտեսված և լոկ ֆինանսական միջոցների հայթայթման աղբյուր։ Միաժամանակ Հայաստանը պետք է ընդլայնի համագործակցությունը ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում, ինչպես նաև թե Եվրոպայի ու այն պետությունների հետ, որոնց հետ Հայաստանն ունի լավ ու ջերմ հարաբերություններ։

Տեսանյութեր

Լրահոս