Թուրքիայի ԱԳ նախարարը ՌԴ-ից գնված C-400-ները սպառնալիք չի համարում ՆԱՏՕ-ի համար
C-400 զենիթա-հրթիռային համակարգերը (ԶՀՀ), որոնք Թուրքիան գնել է Ռուսաստանից, վտանգ չեն ներկայացնում ՆԱՏՕ-ի համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարության ղեկավար Մեւլյութ Չավուշօղին:
«C-400 համալիրները ոչ մի սպառնալիք չեն ներկայացնում ՆԱՏՕ-ի անվտանգության համար: Թուրքիան հաստատապես մտադիր է քննարկել C-400-ների թեման (դաշինքի գծով գործընկերների հետ):
Պահանջվում է իրատեսական, կառուցողական երկխոսություն»,-ասել է նա l՚Opinion թերթին տված հարցազրույցում: Թուրքական կողմը քանիցս հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի համար ոչ մի սպառնալիք չի տեսնում Ռուսաստանի կողմից Անկարային մատակարարված C-400-ից: Այդ համակարգերի առնչությամբ անհանգստություն է հայտել, մասնավորապես, ԱՄՆ-ը, ընդ որում՝ ինչպես նախորդ, այնպես էլ ներկայիս վարչակազմում:
Անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄՆ-ը հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության եւ դրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի նկատմամբ պատժամիջոցների մասին Ռուսաստանից C-400 գնելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: