Բաժիններ՝

Աշխատանքը մեզ համար չպետք է լինի մտահոգության կամ վախի առիթ

Ցանկացած աշխատանք քրիստոնեական իմաստով ծառայություն է, որի գլխավոր նպատակը մարդու՝ հոգևոր, բարոյական և ֆիզիկական զարգացմանը նպաստելն է։

Նախ հարկավոր է ճիշտ հասկանալ մեր կյանքի նյութական բարիքների, մեր կարողությունների արժեքը և դրանք ընդունել որպես պարգև Աստծո կողմից։ Ու այս պարգևների մի մասը մարդ պետք է օգտագործի ոչ միայն իր, այլև՝ մերձավորին և շրջապատին օգնելու համար։ Օրինակ, նյութական բարիքներ ստեղծելով՝ հարկավոր է միշտ դրանցից բաժին հանել աղքատներին: Սա սիրո և հոգատարության ամենամեծ դրսևորումն է, որ Աստված կամենում է տեսնել մեզանից յուրաքանչյուրի մեջ։

Աշխատանքը մեզ համար չպետք է լինի մտահոգության կամ վախի առիթ. մարդ, ով անընդհատ տարված է այն մտքերով, թե ինչ պիտի ուտի կամ հագնի այսօր և վաղը, կորցնում է Աստծո հետ մտերմությունը. «Այսուհետև հոգ մի՛ արեք ու մի՛ ասեք՝ ի՛նչ պիտի ուտենք կամ ի՛նչ պիտի խմենք կամ ի՛նչ պիտի հագնենք, որովհետև հեթանոսներն են այդ բոլորը որոնում. քանի որ ձեր երկնավոր Հայրը գիտե, թե այդ բոլորը ձեզ պետք է: Նախ խնդրե՛ք Աստծո արքայությունը և արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա » (Մատթ. 6:31-33):

Աշխատանքի բոլոր ոլորտներում մարդը կոչված է իր աշխատանքը կատարել՝ սիրո սկզբունքի հիման վրա: Իսկ սիրել պետք է նախևառաջ մարդուն՝ իր կարիքների մեջ, իր անսահման հոգևոր և բարոյական ներուժով, իր թերություններով և թուլություններով հանդերձ, որովհետև մա՛րդն է արարչագործության գլուխգործոցը, որ կրում է Աստծո պատկերն ու նմանությունը: Մարդուն սիրելո՛վ միայն կարելի է նրան սովորեցնել սիրել, ներել, հավատալ, վստահել ինքն իրեն և իր Արարչին:

Սիրե՛լն է մարդու ամենակարևոր աշխատանքը. սիրել Աստծուն, սիրել մերձավորին և սիրել ինքդ քեզ՝ որպես Աստծո պատկեր։

qahana.am

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս