«Արցախում այցելուներին միշտ սպասում են»․ Զբոսաշրջության միտումները Հայաստանում և Արցախում

Այս տարվա առաջին եռամսյակում, ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, Հայաստան է ժամանել ընդամենը 86 524 զբոսաշրջիկ։ 2020 թվականի նույն եռամսյակում, երբ կորոնավիրուսի համավարակը դեռևս լայնորեն չէր տարածվել, Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 307 590:

«Այս տարվա առաջին եռամսյակը եթե համեմատենք անցյալ տարվա առաջին եռամսյակի հետ՝ ավելի քան 72 տոկոս նվազում ունենք,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ժամանած զբոսաշրջիկների թվին՝ նշեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը՝ մանրամասնելով,- Բայց պետք է նշենք, որ անցյալ տարվա առաջին եռամսյակը այդքան էլ համեմատելի չէ այս տարվա առաջին եռամսյակի հետ, որովհետև այն ժամանակ կորոնովիրուս չկար, և զբոսաշրջության ոլորտը գործում էր բնականոն։

Եթե ուզում ենք կորոնավիրուսի պայմաններում համեմատությունն անենք, ուրեմն անցյալ տարվա երկրորդ, երրորդ, չորրորդ եռամսյակները միասին՝ այցելությունների թիվը եղել է ոչ ավել, քան 65 հազար․ այս տարվա առաջին եռամսյակը զգալիորեն ավելի է, քան նախորդ տարվա երեք եռամսյակը միասին, սա նշանակում է, որ կորոնավիրուսի պայմաններում ոլորտն ազդակներ է ցույց տալիս, թե ուզում է արթնանալ»։

Մեխակ Ապրեսյանը վստահ է՝ եթե  երկրում լինի  կայուն իրավիճակ, չլինեն պատերազմի վտանգները, այս տարի արդեն ոլորտում առաջընթացի ականատես կլինենք։

Խոսելով հետպատերազմյան անվտանգային խնդիրներով պայմանավորված մի շարք ուղղությունների հանդեպ պահանջարկի փոփոխության մասին (Նկատենք՝ Արցախ, Սյունիք ճափորդելու վերաբերյալ զբոսաշրջիկները հաճախ մտավախություններ են ունենում)՝ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը նշեց, որ ակնհայտ է՝ անվտանգային խնդիրներն ու անկայունությունը բացասական ազդեցություն է ունենում ոչ միայն կոնկրետ հատվածների վրա, այլ,  առհասարակ,  Հայաստան այցելությունների։

Արցախի զբոսաշրջության զարգացման գործակալության ղեկավար Սերգեյ Շահվերդյանը, սակայն, հույս ունի, որ Արցախ այցելությունների հոսքն աստիճանաբար կմեծանա։ 168am-ի հետ զրույցում նա ներկայացրեց Արցախի զբոսաշրջության առկա վիճակը․ «Նկատի ունենալով մուտքի-ելքի որոշակի դժվարությունները, որ օտարերկրյա քաղաքացիների համար գոյություն ունեն՝ այսինքն՝ մուտք-ելքի ընթացակարգը բավականին երկարատև է՝ մենք այս պահին որպես տուրիզմի հիմնական բաղադրիչ՝ դիտարկում ենք Հայաստանի Հանրապետության անձնագիր ունեցող քաղաքացիների այցելությունները։ (Օտարերկրացիների մուտքի-ելքի գործընթացը բարդացել է․ եթե նախկինում մի օրում վիզա էին ստանում Արցախ ժամանելու համար, հիմա պետք է մեկ շաբաթ առաջ դիմեն Երևանում գործող մեր ներկայացուցչություն):

Անվտանգային առումով խնդիրներ­­ այդ տեսանկյունից չունենք, որովհետև նոր զբոսաշրջային վայրերը և այն հները, որոնք պահպանվել են մեր վերահսկողության տակ, ամբողջությամբ անվտանգ գոտիներում են՝ Ամարասի վանքը, Գանձասարի վանքը։ Նոր ուղղություններ են մշակվել՝ օրինակ, Սուրբ Հակոբավանքը, որ նախկինում ևս հայտնի էր, բայց քանի որ կային ավելի հայտնի հուշարձաններ, մի շարք հուշարձաններ մնացել էին ստվերում, և  հիմա մեր խնդիրն այդ ստվերում մնացած զբոսաշրջավայրերը զբոսաշրջիկների համար բացահայտելն է»։

Սերգեյ Շահվերդյանը նշեց, որ գարնան սկզբից նկատվում է այցելությունների թվի ավելացում․ «Դա շատ կարևոր է մեզ համար, որ մենք նկատում ենք այդ դրական միտումը, և այդ միտումը ժամանակի ընթացքում ավելի է մեծանալու, ինչը բնական է՝ թե՛ եղանակով պայմանավորված,  թե՛ քանի որ մարդիկ ավելի ու ավելի են համոզվում, որ այցելություններ դեպի Արցախ հնարավոր են և անվտանգ են»։

«Արցախում այցելուներին միշտ սպասում են․ Այդ այցելություններն այժմ շատ կարևոր են, որպեսզի  արցախցին զգա, որ կապը Հայաստանի հետ չի խզվել։ Այս առումով շատ կարևոր է, որ օր առաջ վերականգնվեն մեծ հոսքերը դեպի Արցախ»,- եզրափակեց Արցախի զբոսաշրջության զարգացման գործակալության ղեկավարը։

Տեսանյութեր

Լրահոս