«Իրենց կողմում այդ տեղաշարժը երևում է, իսկ մեր կողմում դեռ նման բան չկա, մենակ փոս-բան են արել իրենց պաշտպանելու համար». Խոզնավարի գյուղապետ

Սյունիքի մարզի Խոզնավար գյուղում թեև բնակիչներն առաջ եկած թշնամուց չեն վախենում, սակայն անհանգիստ են, որ մի քանի շաբաթ է՝ ՀՀ սուվերեն տարածք ներխուժած թշնամու զինված ուժերի ներկայացուցիչները հետ չեն գնում, և անկանխատեսելի է, թե ինչ կլինի մի քանի օր հետո։

168.amի հետ զրույցում Խոզնավարի գյուղապետ Վարո Գրիգորյանն ասաց, որ գյուղում իրավիճակը հանգիստ է, թեև թշնամին առաջ եկած հատվածում լավ տեղավորվել է։

«Դե, բնակիչներն անհանգիստ են, էլի, որ այսքան ժամանակ թշնամին դեռ հետ չի գնանցել։ Իսկ առհասարակ գյուղն իր կյանքով է ապրում, երեխաները դպրոց են գնում, մարդիկ իրենց գյուղատնտեսական աշխատանքներն են անում։ Երեկ էլ մեզ մոտ «Վերջին զանգը» նշեցինք։ Ճիշտ է, միշտ կրկնում եմ, բայց չորս կողմից գյուղը շրջապատված է, երեք կողմից շրջապատված էինք, չորրորդ էլ Իշխանասարի կողմից եղավ»,- նշեց Խոզնավարի գյուղապետը։

Նա ընդգծեց, որ թշնամին հավանաբար սադրանքների չի դիմում, քանի որ նրանց դիմաց կանգնած են հայ զինվորները։

«Այն հատվածում, որը նախկինում թշնամու սահմանն է եղել, այդ սահմանի վրա տեղաշարժ կա, ինչ-որ բաներ են անում, ինչ-որ բաներ են կառուցում։  Բայց առայժմ՝ իրենց սահմանի վրա։ Հիմա չգիտեմ, հետո այդ ամենը կտեղափոխե՞ն մեզ մոտ՝ չգիտեմ։ Իրենց կողմում այդ տեղաշարժը երևում է, իսկ մեր կողմում դեռ նման բան չկա, մենակ փոս-բան են արել իրենց պաշտպանելու համար»,- հավելեց նա։

Միաժամանակ նա ընդգծեց, որ գյուղից թշնամու դիրքերից միայն մեկն է երևում։ «Գյուղը ձորի մեջ է, կողքից որևէ բան չի երևում, բայց երբ դուրս ենք գալիս դաշտերը, բոլորը երևում է։ Որտեղ ուզում ես՝ նայիր, կտեսնես՝ պոստը որտեղ է, այնտեղ քանի հոգի են, ինչ են անում։ Գյուղից միայն մեկ պոստ է երևում»,- եզրափակեց Վարո Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Հիշեցնենք նաև, որ մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի դիրքերից մեկում թշնամին գերեվարել է 6 հայ զինծառայողի, իսկ մայիս 25-ին թշնամու կրակոցից զոհվել էր մեկ հայ զինծառայող։

Տեսանյութեր

Լրահոս