«Խնածախում 17 հեկտար մշակովի հողատարածք է անցել թշնամու հսկողության տակ․ Թնամու դիրքերը գյուղից 300 մետր հեռավորության վրա են». Խնածախի գյուղապետ

Մայիսի 12-ից ՀՀ սուվերեն տարածք մտած թշնամու զինվորները մինչ օրս հետ չեն քաշվել, նրանք մեծ վտանգ են ներկայացնում ոչ միայն ՀՀ տարածքային ամբողջականության, այլև հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչների համար։

Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղն այսօր թշնամու դիրքերից հեռու է 300 մետր, գյուղից անզեն աչքով երևում է գյուղի ուղիղ վերևում կառուցած թշնամու դիրքը և ծածանվող դրոշը։ Թերևս, բնակիչները չեն վախենում և ամեն պահի պատրաստ են դիմակայելու վտանգին, սակայն չգիտեն՝ ինչ կլինի ու երբ թշնամին կգնա սադրանքների։

168.amի հետ զրույցում Խնածախի գյուղապետ Անուշավան Հովակիմյանը նշեց, որ այս պահին գյուղում իրավիճակը նորմալ է, թե ինչ կլինի վաղը կամ երեք օր հետո՝ չի կարող ասել։

«Հիմա թշնամին հանգիստ իր դիրքերում կանգած է, որևէ սադրանքի չի գնացել։ Նշվում է, որ թշնամին առաջ եկած հատվածներում ինժեներական աշխատանքներ է  կատարում, բայց մեզ մոտ նման բան չկա, նման աշխատանքներ չեն կատարում։ Առայժմ գյուղում հանգիստ է, բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներ են կատարում, հետո ինչպես կլինի՝ չեմ իմանում, էս մոմենտին լրիվ նորմալ է»,- նշեց նա։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Խնածախում 17 հեկտար մշակովի հողատարածք է անցել թշնամու հսկողության տակ։

«Թնամու դիրքերը գյուղից 300 մետր հեռավորության վրա են, որտեղ եկել՝ դիրքավորվել են, այնտեղ էլ մնացել են։ Եթե թշնամին իր տեղում մնա կանգնած, սադրանքների չդիմի, երևի այս վիճակի հետ պետք է հարմարվենք, այլ բան ես չեմ կարող ասել։ Իսկ եթե դիմի սադրանքների, ապա ամբողջ գյուղը, ժողովուրդը  կանգնած է»,- նշեց Անուշավան Հովակիմյանը։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Տեսանյութեր

Լրահոս