Ինչո՞ւ ԱՄՆ-ը զուսպ արձագանքեց Փաշինյանի պլանին

Վերջին ամիսների ընթացքում, մի շարք հանգամանքներով պայմանավորված, ինտենսիվորեն փոխվում են աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնցից մեկն ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջո Բայդենի ընտրությունն էր:

Բայդենի արտաքին քաղաքականությունը, նրա կողմից Ցեղասպանության փաստի ճանաչումը, վերջին ամիսների ընթացքում ամերիկյան մեդիաքաղաքական շրջանակներում հայկական թեմատիկայի ակտիվությունը թույլ էին տալիս ենթադրել, որ Հայաստանի հարցում ամերիկյան քաղաքանությունը որոշ հատվածներում նույնիսկ կարող է բեկումնային լինել, հատկապես, երբ դրա համար ակնհայտ հնարավորություններ ընձեռեն ՀՀ իշխանությունները: Սակայն ուշագրավն այն է, որ հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերի ֆոնին Մինսկի խմբի համանախագահ երկրների դիտորդների մասնակցությամբ իրավիճակի կարգավորման Նիկոլ Փաշինյանի պլանին ԱՄՆ Պետքարտուղարության արձագանքը բավականին զուսպ ու անորոշ էր:

ՀՀ սահմանին Ադրբեջանի ագրեսիայից հետո կոնգրեսական Ֆրենկ Փալոունը թվիթերի իր միկրոբլոգում գրել էր, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը պետք է պատասխանատվության ենթարկի Ալիևին իր մահացու ագրեսիայի համար: «Մենք կշարունակենք աշխատել Բայդենի վարչակազմի և մեր գործընկերների հետ, որպեսզի երաշխավորվի, որ ԱՄՆ-ը օգտագործում է առկա դիվանագիտական բոլոր գործիքները, այդ թվում՝ պատժամիջոցները՝ այս վայրագություններին վերջ տալու համար: ԱՄՆ-ը պետք է մի շարք շոշափելի գործողություններ իրականացնի՝ խաղաղությունն ապահովելու և պատասխանատվության ենթարկելու համար»,- նման կարծիք էր հայտնել կոնգրեսական Փալոունը:

Իսկ ԱՄՆ Պետքարտուղարությունը, անդրադառնալով ՀՀ սահմաններին ստեղծված իրավիճակին, նշել էր, որ ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, խորապես հավատարիմ է կողմերի հետ աշխատելու սկզբունքին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար: Ի դեպ, նշենք, որ Պետքարտուղարությունը բավականին շուտ արձագանքեց հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին ուղղված կոչին: «Մենք կողմերին հորդորում ենք հնարավորինս շուտ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահների գլխավորած բանակցություններին»,- նշել էր Պետքարտուղարությունը:

Ավելին՝ ի պատասխան հայկական լրատվամիջոցներից մեկի հարցմանը, թե ինչ կարծիք ունի ԱՄՆ-ը Նիկոլ Փաշինյանի առաջարկած կարգավորման պլանի վերաբերյալ, ԱՄՆ Պետքարտուղարությունը որևէ հստակ պատասխան չէր տվել, բավարարվել էր միայն աջակցելու պատրաստակամություն հայտնելով, հորդորելով կարգավորել իրավիճակը շտապ և խաղաղ ճանապարհով:

«168 Ժամ»-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը նշեց, որ ամերիկյան ուղիղ ներգրավվածության հնարավորությունը հարավկովկասյան զարգացումներում ակնհայտորեն գերագնահատված է: Ըստ նրա, Միացյալ Նահանգներն ակնհայտորեն չի ցանկանում դուրս գալ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի սահմաններից: «Եթե նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ-ն չի գործում արդյունավետորեն, չկան բանակցություններ, դա Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների ուղղությամբ ամերիկյան քաղաքականության ընդհանուր մակարդակն ու խորությունն է: Կան դիվանագետներ, որոնք զբաղվում են այս տարածաշրջանով, և դա տասնամյակների ընթացքում չի փոխվում:

Բնականաբար, ավելի հարմար է պահպանել բոլոր նախկին ձևաչափերը և մակարդակները, հատկապես, երբ չկա հավելյալ հետաքրքրություն: Պատկերացնել, որ ԱՄՆ-ը տեղում դիտորդություն կամ գործողություններ կիրականացնի, միամտություն կլիներ, դա ամերիկյան ծրագիր չէ, ԱՄՆ-ը նման հարցերը երկար է պլանավորում և երկար իրագործում, սա այն դեպքն է, երբ հարկավոր են ինտենսիվ բանակցություններ: Գուցե դիտորդներ ևս հարկավոր են, բայց կա, օրինակ, ԵԱՀԿ դիտորդական առաքելություն, որը կարող է այս հարցով ևս զբաղվել»,- ասաց վերլուծաբանը:
Ի վերջո, նրա խոսքով, սա Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող անվտանգային միջավայր է, և պետք է այս հարթակում քննարկվեն հարցերը՝ Ռուսաստանի հետ և ՀԱՊԿ-ում:
Ինչպես հասկանում ենք ստացվող տեղեկատվությունից, քննարկումները շարունակվում են, և պատերազմից հետո հավելյալ լարվածությունը որևէ մեկին ձեռնտու չէ»,- ասաց Մաքֆարլեյնը:

Գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարն իր հերթին՝ նշեց, թե քիչ հավանական է, որ ԱՄՆ-ը տեղում անակնկալ գործողություններ իրականացնի, թեև, իհարկե, փոխում է իր քաղաքականությունը, նոր նրբերանգներ են մտնում աշխարհաքաղաքականություն:

«ԱՄՆ-ը վերանայում է Թուրքիայի, Իրանի հետ քաղաքականությունը, որը կազդի տարածաշրջանում տիրող իրավիճակի՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի վրա, կփոխի Իրանի ու ԱՄՆ-ի ազդեցությունը: Հայաստանն ամերիկյան տարածաշրջանային քաղաքականության տարրերից միայն մեկն է, օրինակ՝ Թուրքիայի ուղղությամբ քայլ էր Ցեղասպանության ճանաչման թեմայի շրջանառումը Բայդենի կողմից: Ի վերջո, ԱՄՆ-ը ՀՀ անվտանգային ոլորտում դաշնակիցը չէ, ավելին՝ ԱՄՆ-ը նույնիսկ իր դաշնակիցների հարցում է բավականին զուսպ: Ուստի արձագանքը դիվանագիտական է, ավելի քան զուսպ, որովհետև հակամարտության գոտում դիտորդություն կամ ներկայությունը բավականին լուրջ թեմա է, դա նույնիսկ մեկ արձագանքով լուծվող հարց չէ:

Կարծում եմ՝ բոլոր համանախագահ երկրների համար նախընտրելի է, որպեսզի խնդիրը լուծվի տեղում և գործի դրվի բանակցությունների մեխանիզմը, քանի որ նման առաքելություն սկսելու համար ռեսուրս և քաղաքական շահ չկա: Կարծում եմ, պատահական չէ Ռուսաստանի՝ սահմանի դեմարկացիա իրականացնելու առաջարկը, քանի որ ՌԴ-ն տարածաշրջանի բոլոր խնդիրներին տեղյակ է, և եթե իսկապես այդ հարցում կա խնդիր, այն չի կարող թույլ տալ կարգավորել հարաբերությունները: Տեսեք՝ ինչ է կատարվում ՀԱՊԿ այլ երկրների միջև, և ինչ դերակատարություն է կարողանում ունենալ ՀԱՊԿ-ը, երբ իրավիճակն այնտեղ ավելի սուր է: Սրանք բարդ հարցեր են և նման արագ լուծումներ չեն կարող լինել, հատկապես, երբ կապ ունեն նաև գերտերությունների շահերի հետ»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս