
Արցախում որոնողական աշխատանքները շարունակվում են Ջրականի շրջանում

Արցախում ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ և պահեստազորայիններ) աճյունների որոնողական աշխատանքները հունիսի 5-ին փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից Արցախի փրկարարներն Ադրբեջանի վերահսկողողության տակ անցած տարածքների բոլոր ուղղություններում իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ: Անցած ամիսների ընթացքում տարբեր պատճառներով որոնումները մի քանի անգամ դադարեցվել են: Ժամանակ առ ժամանակ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի է ունեցել դիերի փոխանակում»,- նշում են ԱԻՊԾ-ից: Ընդհանուր առմամբ, զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է 1557 աճյուն: