«Ուշանում ենք… Շատ»․ Վահե Դավթյան

Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ուշանում ենք… Շատ:
Հունիսին «Ռուսական երկաթուղիները» պլանավորում են առաջին բեռնատար գնացքն ուղարկել Սանկտ-Պետերբուրգից Հնդկաստանի Մումբայ նավահանգիստ՝ դրանով իսկ դե-ֆակտո տալով «Հյուսիս-Հարավ» մուլտիմոդալ տրանսպորտային միջանցքի մեկնարկը: Հանդիսանալով վերջինիս գլխավոր շահառուները՝ Ռուսաստանն, Իրանը ու Հնդկաստանն առաջիկայում փորձելու են այլընտրանք ձևավորել Սուեցյան ջրանցքին՝ նվազեցնելով բեռնափոխադրումների արժեքն ու հեռավորությունը:

Հատկանշական է, որ հաստատված լոգիստիկայի համաձայն՝ փոխադրումն իրականացվելու է Ադրբեջանի տարածքով (ՌԴ-Ադրբեջան-Իրան-Պարսից ծոց-Հնդկական օվկիանոս)՝ լրջագույն հարված հասցնելով Հայաստանի տրանսպորտային շահին, որը մշտապես խարսխված է եղել «Հյուսիս-Հարավ» միջանցքին ինտեգրվելու նպատակադրման վրա:

Այժմ սրվում է մրցակցությունը տրանսպորտային միջանցքների համար: «Արևելք-Արևմուտք» միջանցքում դերակատարում ստանձնելով (Բաքու-Թբիլիսի-Կարս)՝ Բաքուն դիվերսիֆիկացնում է սեփական տրանսպորտային քաղաքականությունը՝ ձգտելով ներգրավվել նաև «Հյուսիս-Հարավ»-ում, ինչը դրսևորում է նաև տարածաշրջանում ձևավորվող էլեկտրաէներգետիկ միջանցքների լոգիստիկայում:

Այսպես, այլևս մեծ հարցականի տակ է Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկ միջանցքը, որը Բաքուն փորձում է անցկացնել սեփական տարածքով: Նույն պատճառներով օրակարգից դուրս մղվեց նաև Իրան-Հայաստան-Վրաստան գազային սվոփ-միջանցքը (2015 թ.):

Այս մրրցակցության մեջ հաղթելը կամ առնվազն պատվով դուրս գալը մեզ համար ունի կենսական նշանակություն: Դուրս մնանք «Հյուսիս-Հարավ»-ից՝ վերջնականապես կզրկվենք աշխարհաքաղաքական սուբյեկտ լինելու հնարավորությունից:

Ընդ որում մենք ունենք հաղթելու իրական հնարավորթյուն՝ հաշվի առնելով միջանցքում Հայաստանը ներգրավելու Թեհրանի ու Նյու Դելիի պատրաստակամությունը: Դրա մասին են վկայում Ջուլֆա-Նախիջևան-Երևան-Թբիլիսի երկաթուղու գործարկման մասին Իրանի արտաքին գործերի ու տրանսպորտի նախարարների հայտարարությունները, ինչպես նաև Իրանում Հնդկաստանի դեսպանի հայտնի հայտատարությունը Հայաստանը «Հյուսիս-Հարավ»-ին ինտեգրելու անհրաժեշտության մասին:

Մնաց ձևավորենք կուռ ու պետականակենտրոն իշխանություն, որն ունակ կլինի օբյեկտիվորեն գնահատել ու օգտագործել մեր դաշտում գտնվող բազմաթիվ գնդակները»:

Տեսանյութեր

Լրահոս