Բաժիններ՝

Կարճաժամկետ մտածողությունը սպառնալիք է կրթության համար

Երեխաների պաշտպանության օրն էր։ Երեխաներին առաջին հերթին պետք է պաշտպանել մեծերի կարճ մտածողությունից։

«Լավ նախնի» գրքի հեղինակ Ռոման Կրզնարիչը գրում է, որ մարդիկ այսօր երկար են ապրում, բայց կարճ մտածում։ Իսկապես, երկարաժամկետ մտածողության բացակայությունը մեր հասարակության մեծագույն խնդիրներից մեկն է։ Կարճ մտածելը հատկապես բացասաբար է ազդում կրթության ոլորտի վրա, քանի որ կրթությունը երկարաժամկետ ներդրում է։ Երկարաժամկետ մտածելուն խանգարում է մեր երկրում առկա աղքատության բարձր մակարդակը։ Մի քանի տարի առաջ հանրային միջոցառումներից մեկի ժամանակ, երբ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը խոսում էր գլոբալ խնդիրների, աշխարհին սպասվող վտանգների մասին, լսարանից մի մարդ նրան ասում է հետևյալը. «Դուք մտածում եք աշխարհի վերջի մասին, իսկ մենք մտածում ենք այս ամսվա վերջի մասին»։

Քաղաքացին նկատի ուներ այն վճարումները, որոնք իրենք պետք է կատարեն ամսվա վերջին։ Երբ մարդը մտածում է հանապազօրյա հացի մասին, նրան չեն հետաքրքրում ապագային վերաբերող ծրագրերը։ Աղքատությունը չի թողնում, որ մարդը երկարաժամկետ մտածի։ Մյուս կողմից էլ, եթե երկարաժամկետ չմտածես, չես կարող զարգանալ։ Բիլ Գեյթսը մի առիթով ասել է. «Մարդիկ հաճախ գերագնահատում են այն ամենը, ինչը տեղի է ունենալու առաջիկա 2 տարում, և թերագնահատում են այն ամենը, ինչը տեղի է ունենալու առաջիկա տասը տարում»։

Ցավոք, մեր կրթական համակարգում կարճ մտածողությունը շատ մեծ տեղ ունի։ Օրինակ, ուսումնական հաստատություններում շատ դասաժամեր հաճախ տրվում են ոչ թե լավագույն մասնագետներին, այլ մտերիմներին։ Լուծում ենք մեր սիրելի մարդուն դասաժամերով ապահովելու կարճաժամկետ խնդիրը, բայց հարվածի տակ ենք դնում կրթության զարգացման երկարաժամկետ խնդիրը։ Նույն ձևով ղեկավար պաշտոնում առաջարկում ենք լոյալ մարդուն։ Լուծում ենք մեր իշխանությունն ամրապնդելու, մտերմին լավություն անելու կարճաժամկետ խնդիրը, բայց վնասում ենք կրթության ապագան։ Արդյունքում, մեր երեխաներն այսօր ավելի վատ են սովորում։ Մեր մտերմի, բարեկամի սոցիալական հարցերը լուծեցինք, բայց հարվածի տակ դրեցինք երեխաների սովորելու ցանկությունը։

Կարճաժամկետ մտածողությունը երեխաների ապագայի գաղութացում է։ Սիրում ենք ասել, որ երեխաները մեր ապագան են, որ հրաշալի սերունդ է մեծանում Հայաստանում։ Բայց դա մեր վրայից պատասխանատվությունը գցող խոսքեր են։ Գլխավոր հարցը հետևյալն է. իսկ ի՞նչ ենք մենք ժառանգում մեր երեխաներին։ Արդյո՞ք ժառանգում ենք ուժեղ տնտեսություն, առողջ հասարակություն, լավ կրթական համակարգ։ Եթե ոչ, ապա ինչպե՞ս կարող են երեխաները լավ ապագա ունենալ ու հրաշալի սերունդ լինել։ Հասարակություններն աստիճանական են զարգանում։ Եթե վատ ժառանգություն ես թողել ապագա սերնդին, ապա ինչպե՞ս կարող են նրանք լավ ապրել։ Այն տրավմաները, անարդարությունները, որոնք տեսնում են այսօրվա երեխաները, նրանց շատ բաներից զրկում են։

Պատահական չէ, որ աշխարհի մի քանի երկրներում կան ապագայի օմբուդսմեններ։ Նրանց խնդիրն է՝ ապագան պաշտպանել ներկայի կարճ մտածողությունից։ Երկրում ընդունվող բոլոր օրենքները, ռազմավարությունները դիտարկվում են ապագայի օմբուդսմենի կողմից։ Եթե արձանագրվում են վտանգներ ապագայի համար, ապա օմբուդսմենը կարող է կասեցնել օրենքի ընդունումը։

Երկարաժամկետ մտածողության հետաքրքիր օրինակ է ԱՄՆ տարածքում 15-րդ դարում ձևավորված Իրոքուա կոնֆեդերացիան։ Ի դեպ, ԱՄՆ սահմանադրությունը գրվել է այս կոնֆեդերացիայի օրենքների հիման վրա։ Օրենքներից մեկը, որը ԱՄՆ սահմանադրության մեջ տեղ չի գտել, կոչվել է 7 սերնդի օրենք։ Այդ օրենքի իմաստն այն է, որ ցանկացած որոշում ընդունելիս պիտի հաշվի առնես, թե 7 սերունդ հետո ինչպիսի ազդեցություն այն կունենա։ Կա՞ այսպիսի մտածելակերպ Հայաստանում։ Իհարկե՝ ոչ։ Անգամ կրթության ոլորտում ներդրումներ անողները մտածում են, որ մի քանի ամսից պետք է արդյունք լինի, այլապես չարժե ներդրում անել։

Կարճաժամկետ մտածողության արդյունքում մաշվում է երկրի զարգացման կապիտալը։ 1968թ. կենսաբան Գարետ Հարդինը մի հոդված տպագրեց, որում ներկայացրեց  հանրային ողբերգության գաղափարը։ Պատմությունն այն է, որ 10 հոգու նույնաքանակ կենդանիները արածում են նույն արոտավայրում։  Նրանցից մեկը նկատում է, որ արոտավայրից ավելի շատ կենդանիներ կարող են օգտվել։

Նա որոշում է կրկնապատկել իր կենդանիների թիվը։ Խմբի մյուս անդամը մտածում է, որ եթե իր գործընկերը կրկնապատկել է կենդանիների թիվը, ապա ինչո՞ւ ինքն էլ չի կարող կրկնապատկել։ Եվ այդպես մեկը մյուսին հետևելով՝ կրկնապատկում են կենդանիների թիվը՝ մինչև պարզվում է, որ արոտավայրն այլևս չի բավարարում կենդանիներին։ Նույն ձևով մենք այսօր վարվում ենք բնության հետ, մարդկային ռեսուրսի հետ։ Չնչին աշխատավարձի դիմաց այնքան ենք շահագործում ուսուցիչներին, որ նրանք այլևս չեն կարողանում նորմալ աշխատել։ Հոգնում են։ Սպառվում։ Ի՞նչ կարող է տալ երեխային հոգնած ու սպառված ուսուցիչը։

Այսօր մենք հայտնվել ենք շատ պարադոքսալ վիճակում։ Մեզ պետք է երկարաժամկետ մտածողություն։ Բայց աղքատ երկրում գրեթե անհնար է երկարաժամկետ մտածելը։ Մեզ պետք են խնդիրների ճիշտ լուծումներ։ Բայց ճիշտ լուծումները թանկ արժեն ու ժամանակ են պահանջում։ Իսկ էժան լուծումները ստեղծում են փոփոխության պատրանք՝ էլ ավելի վատթարացնելով մեր վիճակը։

Արդյո՞ք մենք կհիշվենք՝ որպես լավ նախնիներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս