«Սրվում է մրցակցությունը տրանսպորտային միջանցքների համար»․ Վահե Դավթյան

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր-անդամ Վահե Դավթյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

«Ուշանում ենք… Շատ:

Հունիսին ՛՛Ռուսական երկաթուղիները՛՛ պլանավորում են առաջին բեռնատար գնացքն ուղարկել Սանկտ-Պետերբուրգից Հնդկաստանի Մումբայ նավահանգիստ՝ դրանով իսկ դե-ֆակտո տալով ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ մուլտիմոդալ տրանսպորտային միջանցքի մեկնարկը:

Հանդիսանալով վերջինիս գլխավոր շահառուները՝ Ռուսաստանն, Իրանը ու Հնդկաստանն առաջիկայում փորձելու են այլընտրանք ձևավորել Սուեցյան ջրանցքին՝ նվազեցնելով բեռնափոխադրումների արժեքն ու հեռավորությունը:

Հատկանշական է, որ հաստատված լոգիստիկայի համաձայն՝ փոխադրումն իրականացվելու է Ադրբեջանի տարածքով՝ լրջագույն հարված հասցնելով Հայաստանի տրանսպորտային շահին, որը մշտապես խարսխված է եղել ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ միջանցքին ինտեգրվելու նպատակադրման վրա:

Այժմ սրվում է մրցակցությունը տրանսպորտային միջանցքների համար: ՛՛Արևելք-Արևմուտք՛՛ միջանցքում դերակատարում ստանձնելով (Բաքու-Թբիլիսի-Կարս)՝ Բաքուն դիվերսիֆիկացնում է սեփական տրանսպորտային քաղաքականությունը՝ ձգտելով ներգրավվել նաև ՛՛Հյուսիս-Հարավ՛՛-ում, ինչը դրսևորում է նաև տարածաշրջանում ձևավորվող էլեկտրաէներգետիկ միջանցքների լոգիստիկայում: Այսպես, այլևս մեծ հարցականի տակ է Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկ միջանցքը, որը Բաքուն փորձում է անցկացնել սեփական տարածքով: Նույն պատճառներով օրակարգից դուրս մղվեց նաև Իրան-Հայաստան-Վրաստան գազային սվոփ-միջանցքը (2015 թ.):

Այս մրցակցության մեջ հաղթելը կամ առնվազն պատվով դուրս գալը մեզ համար ունի կենսական նշանակություն: Դուրս մնանք ՛՛Հյուսիս-Հարավ՛՛-ից՝ վերջնականապես կզրկվենք աշխարհաքաղաքական սուբյեկտ լինելու հնարավորությունից:

Ընդ որում մենք ունենք հաղթելու իրական հնարավորթյուն՝ հաշվի առնելով միջանցքում Հայաստանը ներգրավելու Թեհրանի ու Նյու Դելիի պատրաստակամությունը: Դրա մասին են վկայում Ջուլֆա-Նախիջևան-Երևան-Թբիլիսի երկաթուղու գործարկման մասին Իրանի արտաքին գործերի ու տրանսպորտի նախարարների հայտարարությունները, ինչպես նաև Իրանում Հնդկաստանի դեսպանի հայտնի հայտատարությունը Հայաստանը ՛՛Հյուսիս-Հարավ՛՛-ին ինտեգրելու անհրաժեշտության մասին:

Մնաց ձևավորենք կուռ ու պետականակենտրոն իշխանություն, որն ունակ կլինի օբյեկտիվորեն գնահատել ու օգտագործել մեր դաշտում գտնվող բազմաթիվ գնդակները:

Տեսանյութեր

Լրահոս