«Այդ նախկին պաշտոնատար անձի էջի գրառումները ծայրից ծայր ատելություն է՝ ատելության որջ». ՄԻՊ-ը՝ Էդուարդ Աղաջանյանի գրառման մասին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գնահատմամբ՝ երեկ խորհրդարանում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի և պատգամավոր Թագուհի Թովմասյանի միջև տեղի ունեցած միջադեպը քաղաքականացված է, հետևաբար՝ չի ցանկանում կոնկրետ միջադեպին անդրադառնալ։

«Այսօր վիճակն այնպիսին է, մթնոլորտի լարվածություն կա, անհանդուրժողականության աստիճանն է բարձր։ Առհասարակ պետք է զերծ մնալ վիրավորանքներից, որովհետև վիրավորանքն էլ ավելի է մեծացնում ագրեսիվության աստիճանը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արման Թաթոյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին արտահերթ նիստի ժամանակ, երբ պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ելույթում անդրադարձավ Աբովյանի դիահերձարանում նահատակված տղաների մասունքների պահման ոչ պատշաճ պայմաններին, խոսքն ավարտելուն պես, Լենա Նազարյանը, որ հավանաբար մոռացել էր անջատել խոսափողը,  գործընկերոջն անվանեց «իդիոտկա», որը լսեցին ոչ միայն դահլիճում ներկաները, այլ նաև նիստի հեռարձակմանը հետևողները։

Լրագրողների հարցին ի պատասխան՝ Արման Թաթոյանն  անդրադարձավ նաև կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գրառմանը, որտեղ ՄԻՊ-ին մեղադրել էր մեդիատեռորի մեջ։

«Ինձ համար տարօրինակ էր։ Խնդիրն այն է, որ այս նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձն այդպես էլ չգիտակցեց, որ պաշտոնատար անձն ունի կոնկրետ պարտականություններ, կարգավիճակ։ Եթե մենք խոսում ենք պաշտոնատար անձի մասին, գնահատականները միշտ ուրիշ են, նախ՝ Մարդու իրավունքների պաշտպանի  իրավասությունն է այնտեղ տարածվում, ես ուզում եմ բոլոր պաշտոնյաներին ի գիտություն ասել, այդ թվում՝ նախկին պաշտոնյաներին, որ պաշտոնատար անձը կարող է անել այնպիսի գործողություններ, որոնք նրա համար թույլատրված են»,- շեշտեց Արման Թաթոյանը։

Եվ  Արման Թաթոյանն Էդուարդ Աղաջանյանին առաջարկեց պատասխանել հարցին՝ երբ պատերազմի ժամանակ ներքին տեղահանվածների հարցերով  շտաբի պետ էր, ինչո՞ւ էին այդքան լուրջ խնդիրներ առաջանում համակարգման հետ կապված, որոնք ուղիղ ազդում էին մարդու իրավունքների պաշտպանության վրա։

«Օրինակ, երբ տեղահանված մարդիկ տեղափոխվում էին Հայաստան, առանց հստակ կարիքները հաշվի առնելու՝ բազմազավակ ընտանիքներին կարող էին ուղարկել այնպիսի վայրեր, որ հետո այդ մարդիկ ստիպված էին այդ վայրերից դուրս գալ, քանի որ այն չէր համապատասխանում իրենց կարիքներին։ Իսկ հետո կապն իրենց հետ կորում էր։ Տեղեկատվական շտաբը, որը ստեղծված էր, մարդիկ զանգում էին, իսկ այնտեղ ներգրավված էին կամավորականներ, ընդհանրապես ոլորտներին չէին էլ տիրապետում։ Ինչո՞ւ չէին իրականացվում իրազեկման աշխատանքներ, ստացվում էր այնպես, որ մարդիկ իրազեկումների բացակայության պատճառով հայտնվել էին լուրջ խնդիրների առաջ։ Նման խախտումների համար թող պատասխանեն։ Այդ նախկին պաշտոնատար անձի էջի գրառումները, որ նայում ես՝ ծայրից ծայր ատելություն է, վիրավորանք ու ատելություն է՝ ատելության որջ»,- հավելեց Մարդու իրավունքների պաշտպանը։

Տեսանյութեր

Լրահոս