«Փաշինյանը, նրա կինը և մյուսները թող հենց հիմա կապեն ճամպրուկները և տեղափոխվեն Վերին Շորժա». Արմինե Ադիբեկյանվ
«Իրավիճակը ՀՀ սահմաններին այնքանով է նորմալ, որքանով նորմալ է Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլի» գոյությունը հայկական քաղաքական դաշտում և երկրի ղեկին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը՝ ընդգծելով՝ դրանք փոխկապակցված երևույթներ են:
Նրա խոսքով՝ Ալիևը զգում է իր դիմացինի թուլությունը, ապիկարությունը և անզորությունը, և առաջ է գալիս՝ զբաղեցնելով այն հարմարավետ դիրքերը, որից հետո, ի վերջո, կլուծի հայկական հարցը.
«Այսինքն՝ Ալիևն այնքան է առաջ գալու, ինչքան ՀՀ իշխանությունները, որոնք ներկայացնում են հայկական կողմը, թույլ են տալու դա անել: Ես կարդացի, որ կոնկրետ հրահանգ է իջեցվել զորքերին՝ կրակ չբացել և չխոչընդոտել ադրբեջանցիներին առաջ գալ: Դա նորմալ է Նիկոլ Փաշինյանի պարագայում, որովհետև մարդը, ըստ երևույթին, որոշակի պարտավորվածություններ է վերցրել իր վրա՝ Ալիևի մոտ, և կատարում է իր պարտավորվածությունները: Այս ամենից ելնելով՝ ադրբեջանցիներին կարող ենք սպասել Երևանում: Ալիևը գալու է այնքան, մինչև չհանդիպի լուրջ խոչընդոտին, և կարող է մինչև Երևան էլ գալ, խնդիրը ո՞րն է, նա որևէ խնդիր չունի, հասկանո՞ւմ եք»:
Դիտարկմանը՝ միջազգային հանրությունից կոչեր են հնչում, որպեսզի ադրբեջանցիները հետ քաշվեն ՀՀ տարածքից, նա այսպես արձագանքեց. «Այո, հնչում են, և՞… Ինչի՞ մասին պետք է բանակցվի, եթե Ալիևը բառացի ասում է՝ եկել եմ, լավ եմ արել, ու էլի եմ գալու: Եվրոպացիներին նա գլխանց ասաց՝ հաջողություն, ես ձեզ հետ խոսելու ոչինչ չունեմ, ինձ ո՛չ ձեր ներկայացուցիչներն են պետք, ո՛չ ձեր բանակցություններն են պետք, առավել ևս՝ ձեր խոսքը: Շունը հաչում է, քարավանը առաջ է շարժվում. սա է Ալիևի դրսևորումը: Մինչև Ալիևը ուժգին հակահարված չստանա՝ կանգ չի առնելու»:
Անդրադառնալով իշխանությունների կողմից դաշտ նետվող թեզերին, թե նախկին իշխանություններն են մեղավոր, որ Ալիևը խուժել է ՀՀ տարածք, ադրբեջանագետը հետևյալն ասաց. «Նախ՝ դա անհեթեթություն է, երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանն ունի օրենքով նախատեսված ամբողջ գործիքակազմը, որ բացահայտի և պատժի բոլոր նրանց, ովքեր կարողացել են այնպես ազդել Իլհամ Ալիևի վրա, որ նա գա՝ ներխուժի ՀՀ տարածք, անտունի սարքի տասնյակ-հազարավոր ընտանիքներ՝ մի նպատակ հետապնդելով, որ Նիկոլ Փաշինյանին զրկեն իշխանությունից: Ես չեմ լսել, որ ՀՀ որևէ ԱԱԾ տնօրեն այդ հարցով զբաղվի: Նախկինում, երբ այս իշխանություններն ընդդիմություն էին, շատ սերտ և շատ ջերմ կապեր են ունեցել Ադրբեջանի հետ, ավելին՝ ադրբեջանական կողմից նրանց հետ հանդիպումներին, սեմինարներին մասնակցողները բացառապես Ադրբեջանի անվտանգության ներկայացուցիչներն էին: Այսինքն՝ սրանք լուրջ վերբովկաների էին ենթարկվում, դա բացահայտ փաստ է: Երբ ասում են, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, դա նրանք լսել են այդ սեմինարներին»:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմն ընտրություններին փորձում են ներկայանալ՝ որպես խաղաղության առաջամարտիկներ, Փաշինյանը խաղաղության դարաշրջան է խոստանում, թեպետ ասում է, որ դրան հասնելու համար պետք է անցնել դժոխային ճանապարհի միջով. Ադրբեջանը ո՞ր դեպքում է պատրաստ խաղաղ դարաշրջանի հնարավորություն տալ Հայաստանին՝ նա պատասխանեց. «Երբ Հայաստանը դադարի գոյություն ունենալ՝ որպես հայկական պետություն, հայերը լինեն հյուրեր՝ իրենց երկրում, այսինքն՝ ապրեն Գլենդելում, Օմսկում և այլ քաղաքներում, տարին մեկ անգամ գան՝ Կասկադում պաղպաղակ ուտեն, մանաթներով հաշիվը փակեն և գնան իրենց տները: Հայերն այս տարածաշրջանում չպետք է լինեն. սա է Ադրբեջանի հիմնական նպատակը: Եթե ինչ-որ մեկի համար դա պարզ չէ՞, ապա Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, Մարիա Կարապետյանը, Ռուբեն Ռուբինյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Նիկոլ Փաշինյանը, նրա կինը և բազմազավակ իրենց բարեկամությունը հենց հիմա կապում են իրենց ճամպրուկները և տեղափոխվում Վերին Շորժա, Սևանն էլ մոտ է, կլողանան. թող գնան, ադրբեջանցիների թիրախի տակ ապրեն, երեխա մեծացնեն, 10 տարի հետո մենք կխոսենք խաղաղությունից՝ հենց այդ մարդկանց հետ:
Եթե դու նստած ես Հանրապետության հրապարակում, ոչ գիտես, ոչ էլ ուզում ես իմանալ՝ ինչ է կատարվում սահմանամերձ գյուղերում, թե ոնց են այդ մարդիկ ապրում և երեխա մեծացնում, այդպես չի լինի. մինչև կաշվիդ վրա չզգաս քո արարքների հետևանքները, մինչև քո երեխեքը չտառապեն՝ քո ընդունած որոշումների համար, դու չես կարող խոսել: Դժոխքի ճանապարհն անցիր՝ մենք քո հետևից գալիս ենք, բայց դու չես կարող ասել՝ դուք գնացեք դժոխքի ճանապարհով, հետո մենք մեր թևերը կբացենք և խաղաղություն կկերտենք: Առավել ևս, հաշվի առնելով նրանց այլանդակ վերաբերմունքը մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց կյանքը նվիրեցին այս երկրին»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում