«Առանձին դեպքերում թեկնածուների հետ կապված ընդունվել են գրանցումները մերժելու վերաբերյալ որոշումներ». Տիգրան Մուկուչյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր լրագրողներին փոխանցեց՝ ԿԸՀ-ն գրանցել է  ընտրություններին մասնակցող 26 սուբյեկտ, 22 կուսակցություն, 4 կուսակցությունների դաշինք։

«Առանձին դեպքերում թեկնածուների հետ կապված ընդունվել են գրանցումները մերժելու վերաբերյալ որոշումներ, որովհետև տրված 48 ժամվա ընթացքում վերջիններիս կողմից չէին ներկայացվել համապատասխան փաստաթղթեր։ Ինչ վերաբերում է  առանձին դեպքերի, ապա բնական է, դրանցով պայմանավորված փաստական հիմքերի ի հայտ գալուն պես ԿԸՀ-ն յուրաքանչյուրով կկազմակերպի քննարկում, և դրանով պայմանավորված՝ կընդունվեն համապատասխան որոշումներ։ Ամբողջը լինելու է մեր նիստերում, բաց հրապարակային, այնպես չի լինելու, որ որևէ բան դուրս մնա հանրության տեսադաշտից»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» դաշինքում ընդգրկված պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցման գործընթացին, քանի որ ավելի վաղ հայտնել էին, որ վերջինս կեղծ փաստաթուղթ է ներկայացրել։

Ինչ վերաբերում է քարոզարշավին, Տիգրան Մուկուչյանը նշեց, որ տեղի է ունենում գրանցում, որից հետո 7-րդ օրը մեկնարկում է քարոզարշավը։

«Քանի որ քարոզչությանը պետք է քաղաքական ուժերը պատրաստվեն, նախատեսվում է  տրամադրել մեկշաբաթյա ժամկետ՝ հավասար նախապատրաստվելու համար, որպեսզի կարողանան մասնակցել քարոզարշավին»,- շեշտեց ԿԸՀ նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս