Ուշադրություն. Հայաստանում բջջային հավելվածների միջոցով անչափահասների շրջանում թմրանյութ են տարածում. փաստաբան Նարեկ Ալոյանի բացահայտումները

«Խնդիրն ըստ էության նոր խնդիր չէ, սակայն ժամանակակից զարգացումներին համընթաց՝ զարգանում են նաև այդ խնդրի տարբեր դրսևորումները: Ներկայումս բավականին տարածված են տարբեր բջջային հավելվածներ և հեռահաղորդակցման համակարգեր, որոնք էլ հանցավոր խմբավորումների կողմից օգտագործվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց փաստաբան Նարեկ Ալոյանը՝ անդրադառնալով Tik-Tok և Telegram հարթակներով անչափահասների շրջանում թմրանյութերի վաճառքի և դրա դեմ ուղղված պայքարի եղանակների թեմային:

Նրա խոսքով՝ գնահատելով իրավիճակը՝ ընկալելի է դառնում, որ կան երկու հակադիր բևեռներ: Մեկը հանցավոր խմբավորումներն են, որոնց համար ձևակերպված է հստակ նպատակ՝ հնարավորինս մեծ ծավալով, հնարավորինս արագ և բացահայտման տեսանկյունից հնարավորինս անվտանգ ճանապարհով թմրանյութեր իրացնել: Մյուս կողմից՝ պետությունն է, որի առաջ խնդիր է դրված բացառել թմրանյութերի ապօրինի շրջանառությունը:

«Հանցավոր խմբավորումներն արդյունավետ թմրանյութ իրացնելու համար կարիք ունեն իրենց պոտենցիալ գնորդների վստահությունը ձեռք բերել, պետությունն այդ ամենի դեմ արդյունավետ պայքարելու համար կարիք ունի բնակչության վստահությունը ստանալ»,- ասաց փաստաբանը:

Նարեկ Ալոյանը ներկայացրեց նաև Հայաստանում անչափահասների շրջանում թմրանյութ տարածելու մեխանիզմները հեռահաղորդակցման միջոցների և բջջային հավելվածների միջոցով:

«Խումբը TikTok հավելվածում ստեղծում է ժամանցային էջ, որի թիրախային լսարանն են 14-16 տարեկան դպրոցականները։ Աստիճանաբար խմբում հայտնվում են Telegram հավելվածի ալիքի նշում (watermark) պարունակող տեսանյութեր, ինչի արդյունքում էլ տվյալ TikTok էջի որոշ հետևորդներ անցում են կատարում Telegram ալիք։ Արդեն Telegram ալիքում բազմաթիվ տեսանյութեր են, որոնցում թմրամիջոց պատվիրողները ֆիզիկական հաշվեհարդար են տեսնում թմրամիջոցների կեղծ օնլայն խանութների ներկայացուցիչների հետ։ Հետագայում հայտնվում են տեսանյութեր, որոնցում նշվում է, որ թմրամիջոցների «X» օնլայն խանութն աշխատում է ազնիվ և որակյալ թմրամիջոցներ է վաճառում։  Telegram ալիքի հետևորդը հնարավորություն է ստանում անցում կատարել տվյալ խանութի Telegram էջ, օնլայն վճարում կատարել և ստանալ լուսանկար, որում նշված է իր պատվիրած թմրամիջոցի գտնվելու վայրը»,- ասաց փաստաբանը:

Թմրամիջոցների տարածման հաջորդ եղանակը բուկլետներն են, որոնք բաժանվում են դրսում, դպրոցների, քոլեջների տարածքներում և այլուր:

Նարեկ Ալոյանը նշում է, որ կան հարթակներ, որոնք բաց են բոլորի համար, տարածվում են անասելի արագությամբ, և յուրաքանչյուր անչափահաս հանգիստ կարող է հայտնվել թմրամիջոց իրացնողների ցանցում:

Փաստաբանը նշեց, որ եղել է գլխավոր դատախազությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, հաղորդում ներկայացրել հանցագործության մասին: Նա ակնկալեց քաղաքացիների աջակցությունը նմանատիպ ցանցերը բացահայտելու հարցում:

«Առաջին հերթին կոչս ուզում եմ ուղղել ծնողներին, խնդրում եմ ուշադիր լինել երեխաների հանդեպ: Միգուցե այս խնդրանքը պարզ, միգուցե ավելորդ թվա, բայց լինելով քրեական գործերով փաստաբան և պարբերաբար առնչվելով շատ կիրթ ընտանիքներից դուրս եկած անձանց հետ, ովքեր հանգամանքների բերումով կատարել են հանցագործություն, շատ կիրթ ընտանիքներից դուրս եկած անձանց հետ, ովքեր այս կամ այն պատճառով դարձել են թմրամոլ, ես ինձ իրավունք եմ վերապահում, որպես խնդրանք, այս հարցով դիմել իմ հայրենակիցներին: Յուրաքանչյուր պարագայում կա հնարավորություն 5-10 րոպե ժամանակ տրամադրել երեխաներին, հատկապես նրանց դեռահասության շրջանում, հատկապես բջջային հավելվածներին ու նրանց հեռահաղորդակցության միջոցներին: Բավականին շատ են վտանգները, և մեր երեխաները կարող են անպաշտպան իրավիճակում հայտնվել, եթե մենք պատշաճ ուշադրություն չդարձնենք նրանց»,- եզրափակեց Նարեկ Ալոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս