Ես չեմ համակերպվել ադրբեջանցիների ներկայության փաստի հետ, իշխանությունն է համակերպվել. Արմեն Գևորգյան
«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը, անդրադառնալով մայիսի 12-ից ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցիների ներկայությանն ու նրանց դուրս բերելու հնարավորություններին և այդ առումով դաշինքի անդամների պատկերացումներին, նախ անհամաձայնություն հայտնեց դիտարկմանը, թե հասարակությունը, քաղաքական դաշտը համակերպվել է ադրբեջանցի զինվորականների՝ Հայաստանում գտնվելու փաստին:
«Ես, օրինակ, չեմ համակերպվել: Ինձ թվում է՝ իշխանություններն են համակերպվել, ոչ թե քաղաքական դաշտը: Իշխանություններն են համակերպվել: Ու նմանատիպ հարցերի լուծումը աշխարհում, բացի խելամիտ բանակցություններից, ուրիշ տարբերակ չկա: Հակառակն ավելի վտանգավոր տարբերակներ են:
Նայեք: Մարդիկ պետք է բանակցեն, և բանակցողներն էլ պետք է գիտակցեն՝ ինչի շուրջ են բանակցում և ինչ նպատակի շուրջ են բանակցում: Ես համոզված եմ, որ մեր բանակցողները ոչ այն ունեն, ոչ էլ կարողություններ ունեն: Այս է ամբողջ խնդիրը: Դա՝ մեկ:
Երկրորդ՝ մենք պիտի նաև հասկանանք՝ իսկ ո՞նց ստացվեց, որ մենք այս հանգրվանում հայտնվեցինք: 6-7 ամիս մենք ժամանակ ենք ունեցել ու ոչ մեկին հիմա դա չի անհանգստացնում: Մենք հիմա քննարկում ենք՝ «իսկ ի՞նչ պիտի անի օպոզիցիան, որպեսզի հնարավորության դեպքում այս հարցը լուծի»: Բա այսօրվա իշխանությունները ի՞նչ են անում, որ այդ հարցը չլիներ, հիմա էլ այս վիճակում չհայտնվեինք և լուծումների մասին չմտածեինք: Բոլոր նմանատիպ հարցերի լուծումները բացառապես պետք է լինեն բանակցությունները՝ խելամիտ, ռացիոնալ և պետության շահերից բխող բանակցությունները»,- ասաց Արմեն Գևորգյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում