«Վեհափառը հույս տվեց ժողովրդին, հանգստացրեց. նա բնակիչների կարգավիճակն ամբողջովին հասկանում էր». Շուռնուխի գյուղապետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հունիսի 3-ին հայրապետական այցով գտնվում էր Սյունիքի մարզում։ Ամենայն Հայոց կաթողիկոսը նախ մասնակցել է Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հայրապետական մաղթանքի արարողության, այնուհետև զինվորական պանթեոնում իր խոնարհումն է բերել և աղոթել հայրենիքի համար զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար։

Ամենայն Հայոց կաթողիկոսը եղել էր նաև Շուռնուխում և իր օրհնությունը բերել պատերազմից հետո ամուսնացող առաջին զույգին։

168.amի հետ զրույցում Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանն ասաց, որ Կաթողիկոսն առաջին անգամ էր գտնվում Շուռնուխում։

«ժողովուրդը Շուռնուխում իր երախտագիտությունը հայտնեց, որ Կաթողիկոսն այցելել է Շուռնուխ, նա էլ իր օրհնությունը բերեց բնակիչներին։ Դե, ամեն դեպքում Վեհափառը հույս տվեց ժողովրդին, հանգստացրեց, ասաց, որ Աստված մեծ է, ու ամեն ինչ լավ կլինի։ Կաթողիկոսը մեկ ժամից ավելի մնաց գյուղում։ Օրհնեց նաև ամուսնացող մի զույգի, նրանք չգիտեին, որ Կաթողիկոսն այդ օրը գալու է, ուղղակի նրանց պսակադրության օրը համընկավ այցի հետ։ Գյուղում կան պլանավորված հարսանիքներ՝ Աստծո հաջողությամբ ու կամոք»,- նշեց Հակոբ Արշակյանը։

Ըստ գյուղապետի, հայ սահմանապահները հսկել են, որպեսզի Կաթողիկոսի այցի ընթացքում թշնամին որևէ սադրանքի չդիմի, հատկապես, որ այդ օրը գյուղն աշխույժ է եղել։

«Սահմանապահները շատ ուշադիր էին, իրավիճակը վերահսկում էին։ Դե, մենք կաթողիկոսով էինք զբաղված, այդ թուրքերին ոչ էլ նկատում էինք, այլ կերպ ասած՝ ուշադրություն չէինք դարձնում։ Նայում էինք կաթողիկոսի աչքերին ու արդեն հասկանում էինք նրա մտահոգությունները ստեղծված իրավիճակի, Շուռնուխի վերաբերյալ, նա բնակիչների կարգավիճակն ամբողջովին հասկանում էր»,- ընդգծեց նա։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ Շուռնուխում իրավիճակը հանգիստ է, թշնամին  որևէ ակտիվություն չի ցուցաբերում, չի էլ փորձում տեղացիների հետ մտնել կոնտակտի մեջ։

Տեսանյութեր

Լրահոս