
ՄԻԵԴ-ն Ադրբեջանի կողմից ներկայացված գանգատը ընդդեմ Հայաստանի չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 3-ին ՀՀ կառավարությանը ծանուցել է, որ Ադրբեջանի կողմից հունիսի 1-ին և 2-ին ՄԻԵԴ է ներկայացվել նոր միջպետական գանգատ և միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջ, որոնք վերաբերում են ենթադրաբար ականապատված տարածքների քարտեզների՝ ՀՀ կողմից տրամադրելու պահանջին:
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության տարածած հաղորդագրության համաձայն` ՀՀ կառավարությունը իր հերթին սույն թվականի մայիսի սկզբին Եվրոպական դատարան է ներկայացրել Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով դեռևս 2021 թվականի փետրվարի 1-ին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատին լրացումներ՝ հավելելով նախկինում ներկայացված պահանջները և կցել նոր ապացույցներ:
«Ինչ վերաբերում է միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանական կողմի պահանջին՝ այդ մասով Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությանը հայտնել է, որ դեռևս սույն թվականի մարտի 5-ին Եվրոպական դատարանի կողմից նույն հարցի առնչությամբ կայացվել է պահանջը մերժելու մասին որոշում՝ Դատարանի 39-րդ կանոնի, այսինքն՝ միջանկյալ միջոցի շրջանակից դուրս լինելու պատճառաբանությամբ: Եվրոպական դատարանը շեշտել է, որ 2021 թվականի մարտի 5-ի որոշումը դեռ ուժի մեջ է և անհրաժեշտություն չկա նույն հարցի առնչությամբ նոր որոշում կայացնել»,- ասված է հաղորդագրության մեջ: