
Արմեն Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահի հետ

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատ) նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ։
Նշելով, որ այս տարին Հայաստանի ու Ղազախստանի համար նշանակալի է այն առումով, որ լրանում են երկու պետությունների անկախության 30-ամյակները, Մաժիլիսի նախագահը կարևորել է արդյունավետ փոխգործակցության ընդլայնումը՝ ի շահ երկու երկրների ու ժողովուրդների:
Մաժիլիսի նախագահի խոսքով՝ նախօրեին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, ինչպես նաև առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը կնպաստի հայ-ղազախական բազմակողմ փոխգործակցության և քաղաքական երկխոսության ամրապնդմանը: Նա հավաստիացրել է, որ ղազախ խորհրդարանականներն իրենց դերակատարումը կունենան այդ գործում:
Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունների մասին՝ Ղազախստանի Մաժիլիսի խոսնակն առանձնացրել է հայ և ղազախ խորհրդարանականների սերտ համագործակցությունը ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ և այլ կառույցներում:
Ընդգծելով, որ Ղազախստանը, որպես եվրասիականության շարժման հիմնադիրներից մեկը, Հայաստանի համար շատ մոտ գործընկեր է ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում և ակտիվորեն ներգրավված է բոլոր հարցերում, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ նշել է, որ թեպետ քարտեզով Հայաստանն ու Ղազախստանը ֆիզիկապես շատ հեռու են իրարից, սակայն երկու երկրները շատ ընդհանրություններ և համատեղ ծրագրերի մեծ ներուժ ունեն:
Հայաստանի նախագահը և Ղազախստանի Մաժիլիսի նախագահը քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Նշելով, որ Հայաստանում այս ամիս տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նոր խորհրդարանն ու կառավարությունն իրենց ներդրումը կունենան հայ-ղազախական հարաբերությունների զարգացման մեջ: